Հասարակություն

Լեզվի պետական տեսչության փակման դեպքում ո՞վ պետք է վերահսկի ոլորտը

Անի Մինասյան

«Ռադիոլուր»

Ամիսներ առաջ կառավարությունում տեղի ունեցած տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստի ընթացքում վարչապետի կողմից հավանության  արժանացավ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծելու նախագիծը: Նախագծով նախատեսվում էր լուծարել Կրթության տեսչությունը՝ որոշումն ընդունելուց երեք ամիս անց, իսկ Լեզվի պետական տեսչությունը՝ տարեվերջին:  Գործադիր այս որոշումը մասնագիտական շրջանակներում միանշանակ չընդունվեց:  Որոշման դրական ու բացասական կողմերին մասին այսօր խոսել  է  Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը: Նա անդրադարձել է նաև    մայրենիի աղավաղման խնդրին:

Այսօր մայրենի լեզվի աղավաղման խնդիրը համընդհանուր  և համատարած է: Լրատվամիջոցներն այս հարցում ունեն որոշիչ դերակատարություն: Դուք՝ լրագրողներդ, ասում է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը, լեզուն աղավաղելու իրավունք չունեք՝ ձեզ լսում, կարդում ու տեսնում են հազարավոր մարդիկ: Փոքր, բայց դրական փոփոխություններ նա դաշտում տեսնում է:

Ինչպե՞ս վերահսկել ստեղծված  իրավիճակը. 2009 թվականից մեր երկրում ընթանում են տեսչական բարեփոխումներ: Դրանց արդյունքում երկրում գործող տեսչությունները պետք է դառնան տեսչական մարմիններ: Այսինքն՝ մեր երկրում գործող  18 տեսչություններից,  ծրագրի համաձայն, պետք է մնան ընդամենը վեցը և դրանց  մեջ չէ Լեզվի պետական տեսչությունը։ Դրա լուծարումը նախատեսվում է տարեվերջին: Այս հարցը քննարկման թեմա է հենց Լեզվի պետական տեսչությունում:

Լեզվի տեսչությունը փակում են, որովհետեև  այն աշխատում է և խանգարում է բիզնեսի շատ ներկայացուցիչների՝ այսպես հիմնավորեց տեսչության լուծարման առաջին և գլխավոր պատճառը  տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը: Նրա փոխանցմամբ՝ բարեփոխումների խմբի անդամները եկել են այն  եզրակացության, որ Լեզվի պետական տեսչությունը չունի օրենքով սահմանված վերահսկողական գործառույթներ և, ըստ էության, անպետք տեսչություն է:

Լեզվի պետական տեսչության նախկին պետը մինչդեռ մասնակիորեն այս հարցում համաձայն է կառավարության հետ: Կարծում է՝ ավելի բարձր կառույցի ստեղծումն առավել արդյունավետ կլինի:

Կառավարության հիմնավորմամբ՝ երկրում տեսչական բարեփոխումների իրականացումը նպատակ ունի առավել արդյունավետ դարձնել տեսչական համակարգը :

Կարդացեք նաև

Back to top button