Հասարակություն

Մեր երկրում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր


Եթե ժամանակին պարտադիր էր 9-ամյա կրթությունը, ապա սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու օրենսդրական պահանջը: ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նկատում է, որ 12-ամյա կրթությունը աշխարհում կայուն զարգացման նպատակներից մեկն է, նաեւ սահմանադրական պահանջ, բացի այդ յուրաքանչյուր երեխա 9-րդ դասարանն ավարտելուց հետո պետք է կամ ավագ դպրոց գնա, կամ միջին մասնագիտական ու արհեստագործական հաստատություններում շարունակի կրթությունը: Հանրակրթության վարչության պետը  փաստեց, որ հաճախ ծնողները երեխաներին 6 տարեկանից դպրոց չեն ուղարկում, մտածելով, որ փոքր է, կարող է 7 տարեկանից գնալ:

Կրթությունից դուրս մնացած երեխաների հարցը միայն ԿԳ նախարարության խնդիրը չէ, այն համալիր լուծում է պահանջում: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը նշում է, որ կրթությունից դուրս մնացած երեխաների ծնողների մեծամասնությունն իբրև  պատճառ ներկայացնում է ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը:

Ներկայացնելով նոր համակարգը, որը թույլ կտա վերահսկելի դարձնել կրթությունից դուրս մնացած երեխաներին ու լուծումներ փնտրել՝ ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ համակարգը փորձնական կգործի նախ Լոռու մարզում, ապա հետագայում ողջ հանրապետությունում:

Համակարգ մուտք են ունենալու մի քանի գերատեսչություն` մարզպետարանը, ոստիկանությունը, ԿԳ, սոցապ եւ առողջապահության նախարարությունները: Արտակ Պողոսյանը հայտնեց, որ մինչեւ 2017 թ. նոյեմբեր կընդունվի համապատասխան կարգ, ըստ որի կձեւակերպվեն բոլոր մեխանիզմները, պարտականությունները, պարտավորությունները, թե որ գերատեսչությունն ինչպես պետք է խնդրին լուծում տա:

Կարդացեք նաև

Back to top button