

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստերն առժամանակ ընդհատվել են արձակուրդների պատճառով, բայց խնդիրը, որ ուղեկցում էր այս դատավարությունները, մնացել է բաց: Խոսքը փաստաբանների զննության և նրանց նկատմամբ կիրառվող սանկցիաների մասին է: Այս գործերով դատական նիստեր թեև կայանում են, բայց դատաքննությունն ըստ էության չի սկսվում: Իրավիճակը հանգուցալուծելու համար Փաստաբանների պալատն ու Դատական դեպարտամենտը, այսպես ասենք, համաձայնության փաստաթուղթ են ստորագրել: Պալատում կարծում են , որ հարթել են խնդիրը: Փաստաբանների մի մասը հակառակ կարծիքին է:
«Փաստաբանների պալատն ու դատական դեպարտամենտը մի խնդիր լուծեցին ՝ ազատվեցին գլխացավաքնից: Եթե նկատում եք՝ բոլոր սլաքներն ուղղված են փաստաբանների դեմ»:
Փաստաբանների պալատի նախագահը համաձայն չէ ընդդիմախոս փաստաբանների այն գնահատականին, թե պալատն իր անդամների շահերը լիարժեք չի պաշտպանում: Արա Զոհրաբյանն ասում է՝ փորձել են հարթել սուր անկյունները:

Դատավարությունների ժամանակ, հիշեցնենք, պարբերաբար խնդիրներ են առաջանում կարգադրիչների և փաստաբանների միջև. փաստաբանները պնդում են, որ իրենք ոչ թե զննության են ենթարկվում նիստերի դահլիճ մտնելուց առաջ, որի իրավունքը դատական կարգադրիչներն ունեն, այլ՝ խուզարկության, որի իրավուքնը նրանք չունեն:
Պաշտպաններ-կարգադրիչներ հակասությունն իր հերթին բերում է այլ շարունակության. փաստաբաններից մի քանիսը հրաժարվում են զննության ենթարկվել, դրա պատճառով նիստերի դահլիճ չեն մտնում և ենթարկվում են դատական սանկցիաների: Պաշտպանների բացակայության հիմքով դատավոը հանրային պաշտպան ներգրավելու որոշում է կայացնում, ամբաստանյալները նրանց պաշտպանությունից հրաժարվում են և այսպես շղթան շարունակվում է: Թերևս հենց այս փակուղային վիճակի հիմքով՝ մամուլում տեղեկություն շրջանառվեց, թե քննարկվում է գործող իրավակարգավորումները փոփոխելու և փաստաբանների դեմ կիրառվող սանկցիաները խստացնելու, օրինակ եռօյա կալանք կիրառելու հարցը: «Ռադիոլուրի» հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այդ հնարավորությունը անհիմն սպառնալիք չորակեց:
«Եթե արդարադատության անիվը չի պտտվում, պետությունը փորձելու է միջամտել: Ի վերջո, ունենք արդարադատության շահ հասկացությունը, և նորմալ է, որ պետությունը ուզում է որևէ գործ հասցնել իր ավարտին: Մենք մամուլի միջոցով «հաղորդագրություն» ստացանք, որ ուզում են խստացնել պաշտպանների նկատմամաբ կիրառվող սանկցիաները: Ես չեմ կարծում, որ այս սպառնալիքներն անհիմն են և վստահ եմ, որ պետությունը փորձելու է այդ քայլը կատարել»:

Փաստաբան Արա Ղազարյանը, սակայն, կարծում է, որ նման փոփոխության հավանականությունը փոքր է: Եթե այդպիսի դրույթ ընդունվի, ուղղակիորեն կհակասի եվրոպական իրավունքի նորմերին՝ ասում է միջազգային իրավունքի մասնագետը:
«Քանի որ վաղուց հաստատված սկզբունք է, որ որպես կարգապահական կամ վարչական տույժի տեսակ չի կարող օգտագործվել ազատությունից զրկելը»:
Ի դեպ ներքին հակասությունները չհաղթահարած ՝ Փաստաբանների պալատը պատրաստվում է նախագահի ընտրության: Կառույցի մամուլի ծառայությունն արդեն հայտնել է, որ թեկնածուների առաջադրումը կամ ինքնաառաջադրումը կսկսվի օգոստոսի 12-ին և կավարտվի 17-ին ։ Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:




