Հասարակություն

Նոր դեսպանատունը՝ բարեկամական հարաբերությունների կարևոր արտացոլանք


Այսօր տեղի է ունեցել Չինաստանի դեսպանատան նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա են գտնվել ՉԺՀի արտգործնախարարի օգնական Հուիլայ Լին, Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլուն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հեռավորությունը չի կարող բաժանել իսկական ընկերներին: Չնայած Չինաստանն ու Հայաստանը աշխարհագրորեն իրարից հեռու են գտնվում, չինացիներն ու հայերը բարեկամ ժողովուրդ են: Երկու երկրների միջեւ դիվանագիտական կապը տարեցտարի զարգանում է եւ կայուն հիմքերի վրա է: ՉԺՀ-ի արտգործնախարարի օգնական Հուիլայ Լին շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին, ապա հավելեց.

«Չինաստանը, որպես Հայաստանի լավ ընկեր, եղբայր եւ վստահելի գործընկեր, պատրաստ է նաեւ հետագայում զարգացնել երկարաժամկետ բարեկամությունը, այդ թվում՝  բազմակողմ հարաբերություններում եւ վստահորեն շարժվել առաջ»:

Դեսպանության նոր շենքի կառուցմամբ Հայաստանն ու Չինաստանը շարունակում են իրենց երկարամյա դիվանագիտական հարաբերությունները: Դիվանագիտական ներկայացուցչության այս կառույցը լինելու է ոչ միայն երկկողմանի շփումների եւ երկխոսության գլխավոր հարթակ, այլեւ երկու երկրների բարեկամական հարաբերությունների կարեւոր արտացոլանք՝ հավելեց ՉԺՀ-ի արտգործնախարարի օգնականը:

Դեսպանության նոր շենքը կկառուցվի Ծովակալ Իսակովի 17/4 հասցեում, որտեղ եւ դրվեց առաջին քարը: Խմիչքով լեցուն բաժակներ եւ փոխադարձ շնորհավորանքներ:

Հիմնարկեքի արարողությունից հետո չին բարեկամներին առաջինը շնորհավորողն ու փոխադարձ շնորհավորանքը ստացողը մեր երկրի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանն էր:

«25 տարի առաջ մենք հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ, եւ անցած տարիների ընթացքում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Չինաստանը, հնարավոր ամեն ինչ արել են, որ բարեկամական հարաբերությունները զարգանան եւ խորանան, ընդլայնվեն»:

Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեց, որ այս շենքը Չինաստանը Երեւանում կառուցում է այն հեռանկարով, որ իրագործելու է նոր ու լայնամասշտաբ ծրագրեր՝ հանուն երկու երկրների բարեկամական հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու:

Հայաստանում Չինաստանի դեսպանության ներկայիս շենքը գործում է արդեն 25 տարի: Այսօր այն չի կարող բավարարել դինամիկ զարգացող եւ խորացող հայ-չինական համագործակցության  պահանջները, ուստի ավելի մեծ դեսպանատուն ունենալն օրինաչափ է՝ մեզ հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլուն:

«Հայաստանը երկիր է, որը հին ժամանակներում գտնվել է Մեծ մետաքսի ճանապարհին: Ենթակառուցվածքների շինարարությունը՝ երկաթգծային, ավտոմոբիլային եւ  ավիաուղիների  ընդլայնումը ռեգիոնի հետ, օրակարգում է, ակտիվ քննարկվում է:

Չինական դեսպանության նոր տարածքը կկազմի 40 հազար քմ:  Դա կլինի Հայաստանում ամենամեծ դեսպանատներից մեկը, որն ամբողջովին ցույց է տալիս Հայաստանի եւ Չինաստանի ցանկությունները՝ զարգացնելու առավել խորը եւ ընդգրկուն համագործակցություն միմյանց հետ՝ եզրափակեց մեր երկրում Չինաստանի դեսպանը:

Կարդացեք նաև

Back to top button