

Բազմազգ Վրաստանի թբիլիսյան, կամ այսպես ասած իտալական բակերը ի ցույց են դնում տարբեր ազգերի խաղաղ համակեցությունը: Քաղաքի հին հատվածներում մինչ օրս պահպանված նմանատիպ բակերում հյուրընկալվում են մշակույթի ու նաև քաղաքական գործիչներ՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելու այս բակերի վրա, որտեղ անկախ ազգային ու կրոնական պատկանելիությունից վրացիները, հայերը, ադրբեջանցիները, հույները, քրդերն ու այլ ազգերի ներկայացուցիչները հարևանությամբ ապրում են խաղաղ:
Նա նկատում է, որ ինքը բացառություն չէ. բակի բոլոր երեխաներն են տիրապետում չորս լեզվի: Սակայն ինքը հետագայում ավելի է զարգացրել այդ լեզուները և երբեմն թարգմանական գրասենյակներից թարգմանությունների պատվերներ էլ է ընդունում:
Թբիլիսյան բակերը, որ ավելի շատ հայտնի են իտալական բակ անվամբ, հիմնականում մեկ մուտքով երկհարկանի ու ընդհանուր պատշգամբով հին շենքեր են: Այստեղ հայերը, ադրբեջանցիները, վրացիները և օսերը քաղաքական հարցեր հիմնականում չեն քննարկում, չեն էլ փորձում ապացուցել՝ տոլման հայկական է, թե ադրբեջանական: Բակի հայ բնակիչներից մեկը պատմում է. «Երբ ես տոլմա եմ պատրաստում, հարևաններս հոտն զգալով գալիս են»:
Իտալական բակի բնակիչ ադրբեջանցի Ջամբուլն ասում է, որ սա մի քաղաք է, որտեղ Կովկասի ժողովուրդների ուտեստները համարվում են բոլորինը: Նա ավարտել է ադրբեջանական դպրոց, բայց ոչ միայն խոսում է հայերեն, այլև գրում ու կարդում:
«Սովորեցի, որովհետև այսպիսի տեղ եմ ապրում՝ Մեյդանում, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ապրում: Մեր բացած սեղաններին հինգ ազգի ներկայացուցիչ է լինում: Ահա տեսեք, թե որտեղ ենք ապրում»:
Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Թբիլիսին փորձում է ի ցույց դնել բազամազգ քաղաքը որպես խաղաղ համակեցության մի օրինակ: «Արտարեա» մշակութային հեռուստաընկերությունը նախաձեռնություն է սկսել՝ տարբեր ազգերի երգերն ունկընդրելու համար թբիլիսյան բակեր հրավիրելով նաև քաղաքական գործիչների: Նման համերգներից մեկին մասնակցում էր նաև Վրաստանի նախկին արտգործնախախարար, այժմ անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին, ով «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց.
«Բոլորս խոսում ենք այն մասին, թե ինչպիսի կենդանի քաղաք է եղել Թբիլիսին, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ բերում էին իրենց մշակույթը, արթնացնում քաղաքն իրենց երգերով ու պարերով: Սա է իսկական Թբիլիսին, որտեղ ես երջանիկ եմ: Կցանկանայի՝ այն հանդուրժողականությունը, որը դարեր շարունակ ունեցել են մեր համաքաղաքացիները միմյանց նկատմամբ, շարունակվի»:




