Հասարակություն

ՀՀ ԱԻՆ-ը հիշեցնում և հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այդ հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը և ազդում են մարդկանց առողջության վրա՝ լուրջ վնաս հասցնելով շնչառական օրգաններին ու արյան շրջանառության համակարգին:

ԱԻՆ-ից հայտնում են, որ վերջին ժամանակաշրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների առաջացման նոր պատճառներ:

Օրինակ` գլոբալ տաքացումը, ջերմոցային էֆեկտը, սակայն հիմնական պատճառը մնում է մարդը: Այդ պատճառով շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային և բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին:

Հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է.

  • Խարույկ վառել. խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով
  • Նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ
  • Որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր
  • Ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում
  • Շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ
  • Ծխել և օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում
  • Կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ)
  • Արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ
  • Թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից):

Կարդացեք նաև

Back to top button