

Արդեն 2 շաբաթ է՝ ընդունելությունը բոլոր փուլերով ավարտվել է: Հանրապետութունում այս տարի միասնական համակարգով ընդունելության համար առաջին և 2-րդ փուլերով ընդհանուր առմամբ հայտագրվել էր 9559 դիմորդ, որոնցից ընդունվել են 8266-ը: ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանն ամփոփելով ընդունելության քննությունների արդյունքները՝ նշել է, որ Մայր բուհում ավանդաբար պահանջված մասնագիտություններն են ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, սոցիալական աշխատանք: Արդյոք բուհն ավարտելուց հետո շրջանավարտները գտնում են իրենց տեղը աշխատաշուկայում, ինչպես Վաչագան Գալստյանը, այնպես էլ Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը նկատել են, որ այդ կապը դեռևս թերի է:
Դիմորդների կողմից պահանջված մասնագիտությունների ավանդական դարձած ցանկն անփոփոխ է նաև Կրթության միջազգային ակադեմիայում: Այստեղ էլ տարիներ շարունակ նախապատվությունը տրվում է բժշկական և հումանիտար մասնագիտություններին: Անդրադառնալով դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը՝ ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը նշում է, որ դրա հիմքը պետք է դրվի դեռ դպրոցում, ինչն ըստ նրա, չի արվում, կամ արվում է, բայց ոչ պատշաճ մակարդակով:
Բայց արդյոք հենց նույն իրավաբանի կամ մասնագիտական այլ կրթություն ստացած շրջանավարտն իսկապես կարողանում է աշխատանք գտնել բուհն ավարտելուց անմիջապես հետո: Ռադիոլուրի հարցումներն այլ բան են պարզում:
Թեև կան նաև գործատուներ, որոնց համար էական չէ, թե ունի տվյալ շրջանավարտը աշխատանքային փորձ, թե՝ ոչ : Կարևորը մասնագիտական հմտություններն են, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց համակարգչային շուրջօրյա ծառայություններ մատուցող ընկերության ներկայացուցիչ Սիրարփի Սարդարյանը: Թե որքանով է բուհ-շրջանավարտ- գործատու կապը գործում մեր իրականությունում, հետարքրքրվեցինք նաև բուհի ներկայացուցիչներից: Վաչագան Գալստյանը խոստովանում է, որ կապն իրականում այնքան էլ ամուր չէ:
Բուհ-աշխատաշուկա կապի բացակայությունը նախևառաջ մեր երկրի բացն է: Հղում կատարելով միջազգային փորձին՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հավաստիացնում է, որ արտասահմանում այդ կապն ապահովողը զբաղվածության կենտրոններն են, որոնք ի տարբերություն հայաստանյան համանուն կենտրոնների ձևական բնույթ չունեն: Ինչ վերաբերում է անձամբ գործատուին, Ադիբեկյանը նշում է, որ կարևորվում են ոչ այնքան շրջանավարտի հմտությունները, որքան արտաքին տեսքը, տարիքն ու ծանոթ-բարեկամը:

Իհարկե այս չափանիշը ոչ բոլոր գործատուների դեպքում է առաջնային: Կան նաև այնպիսիք, որ իսկապես կարևորությունը տալիս են հմտություններին ու նույնիսկ կարևոր չէ, շրջանավարտը փորձ ունի, թե նորավարտ է:
Պարզապես նման գործատուներն այնքան փոքր թիվ են կազմում, որ հասարակությունը հիմնականում բոլորին ընդհանրացնում է և կարծում, որ աշխատանքի ընդունվելիս նախապատվությունը տրվում է ծանոթին ու այսպես կոչված մաղարիչին :




