

«Պատերազմի վավերագրողները» հեղինակային շարքի հերթական հերոսը Արմեն Հարությունյանն է, ում երազանքն է ՝ կրկին ազատագրված տեսնել Շահումյանն ու Գետաշենը: 1990 թվականին նա հիմնադրել ու ղեկավարել է «Խաչեր» ջոկատը: Մասնակցել է Արենիի, Խաչիկի, Երասխավանի, Արծրունիի պաշտպանական մարտերին: 1991 թվականին ԼՂՀ Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղի պաշտպանության ժամանակ վիրավորվել է մարտական առաջադրանք կատարելիս: 1992-93թթ. որպես արտահաստիքային թղթակից աշխատել է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունում: Ավելի ուշ ծառայության է անցել լրատվական ծառայության հեռուստահաղորդումների բաժնում: Ավելի քան երեսուն ֆիլմերի համահեղիանակ է և բեմադրող օպերատոր: ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ է: Խաչիկցի Արմեն, շատերը նրան հենց այսպես են ճանաչում:
«Մանկության տարիներին ես եղել էի Ստեփանակերտում, Լաչինում, բայց Արցախ աշխարհի հետ բուն ծանոթությունը տեղի ունեցավ Շահումյանում, որտես ես հասկացա՝ կամ կռվում ենք, կամ՝ ամեն ինչ կորցնում: Ցավոք, մենք կորցրեցինք Շահումյանը, բայց ես երազում ու հավատում եմ, որ մի օր այն կազատագրենք, Գետաշենում քոչարի կպարենք ու ես էլ հեռուստաեթերից կհայտարարեմ՝ աչքդ լո՛ւյս լինի, հա՛յ ժողովուրդ»:
Առաջին կուրսի ուսանող էր, երբ Վազգեն Սարգսյանի շնորհիվ հայտնվեց ՊՆ լրատվության ծառայությունում: Մինչ այդ արդեն թղթակցում էր, գրում հոդվածներ: Եղել էր Արցախում, վիրավորվել: Որպես զինվորական լրագրող, նրա առաջին աշխատանքը դարձավ էրքեջցի Կամոյի մասին պատմող ռեպորտաժը: Կամոն Էրքեջ գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր: Կռվել էր Դևի, մեր առաջին ազգային հերոսներից Ջիվան Աբրահամյանի հետ միասին: Զոհվել էր Էրքեջի պաշտպանության ժամանակ: Զոհվել էր նաև Կամոյի կինը: Սկզբում որպես զինվորական թղթակից, հետագայում իրավիճակի պարտադրմամբ նաև օպերատոր դարձած Խաչիկցի Արմենը շարունակում է.
«Ես բոլորի հոգին հանում էի, որպեսզի սովորեցնեն ինձ աշխատել տեսախցիկի հետ: Վերջապես դա հաջողվեց: Մի դիպվածի շնորհիվ ես հանդիպեցի Իրինա Օհանյանի հետ, ով նկարել էր «Վայրի աղջիկը» և դեռ խորհրդային տարիներից ես նրան համարում էի մեր թատերարվեստի լավագույն դեմքերից մեկը: Երբեք մտքովս չէր անցնի, որ Իրինա Օհանյանը մի օր կլինի իմ ռեժիսորը և ես կլինեմ նրա ֆիլմերի բեմադրող օպերատորը: Վերջերս Իրինայի հետ հաշվեցինք և պարզվեց, որ միասին 23 ֆիլմ ենք ստեղծել: Այդ շարքում աենասիրելին ինձ համար, թերևս, Լեոնիդ Ազգալդյանի մասին պատմող «Հողի գույնը» ֆիլմն է»:
Ընդհանրապես Լեոնիդի կերպարն է չափազանց հզոր՝ որպես մտավորական, որպես հայրենիքի իրական նվիրյալ: Նա այն մարդկանցից էր, որ մեր բանակը պրոֆեսիոնալ հիմքի վրա դրեց: Մեկ անգամ եմ շփվել նրա հետ: Ծխելու համար ինձ այնպիսի նկատողություն արեց, որ նրա զոհվելուց հետո էլ Լեոնիդի տղաների ներկայությամբ անգամ չէի ծխում:
Խոսելով մեր բանակի կայացման մասին, Արմեն Հարությունյանը նշում է՝ դրանում կարևոր նշանակություն ունեցան Երասխավանի մարտերը: Մտավորական, հանցագործ, բժիշկ, գիտնական, թաղի լավ տղա, բոլոր նրանք, ովքեր զենք էին վերցրել ու գնացել կռվելու, հենց Երասխավանում հասկացան պարզ ճշմարտությունը՝ իրենցից ոչ մի ուժ չեն ներկայացնում, երբ առանձին են: Նրանք ամուր բռունցք և ուժ են, երբ միասնական են: Մեր հաջորդ կարևոր հանգրվանն, ըստ նրա, Շուշին էր: Շուշիի ազատագրման գործողությունն արդեն ձևավորված բանակին բնորոշ գործողություն էր: Մեր կամավորական տղաները հենց Շուշիում հասկացան, որ Արցախը պահելու և հաջողության հասնելու համար, այո՛, պետք և շարք կանգնել, և ենթարկվել պրոֆեսիոնալ մարդկանց հրամաններին:




