
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության մեջ կասկածվող Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թ. ծնված Թելման Քալաշյանն օգտագործել է «Սայգա» տեսակի, իր անվամբ օրինական գրանցված որսորդական հրացան:
Նա հանցանքը կատարելուց հետո Շամիրամ գյուղի սկզբնամասից դիմել է փախուստի հորեղբոր` 1950 թ. ծնված Քյարամ Քալաշյանի օգնությամբ՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Քյարամ Քալաշյանը օգոստոսի 2-ին, ժամը 13.30-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին, ձերբակալվել և տեղափոխվել ՁՊՎ:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողները օգոստոսի 2-ին, ժամը 17.50-ին, խուզարկություն են կատարել Թելման Քալաշյանի՝ Մյասնիկյան գյուղում գտնվող տանը և օժանդակ շինություններում. հյուրասենյակի բազմոցի դարակից հայտնաբերվել և առգրավվել է «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 7,62 մմ տ/չ 8 փամփուշտով, իսկ տանը կից թոնրատնից՝ «ԻԺ-18ե» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական չհաշվառված հրացան:
Թելման Քալաշյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 235 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով:
Նախաքննությունը շարունակվում է:




