

Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 979 հազար 900 մարդ: Նախորդ տարի այս ցուցանիշը եղել է 2 մլն 995 հազար 100 մարդ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտնել է ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակի ժողովրդագրական տվյալները՝ Կարինե Կույումջյանը նշել է, որ հունվարի 1-ի համեմատ մշտական բնակության թվաքանակի ցուցանիշը նվազել է 6200 մարդով: Նրա խոսքով՝ այս տարի միգրացիայի ազդեցությունը բնակչության թվաքանակի վրա ավելի մեծ է եղել, քանի որ նվազել է բնական աճը: Խնդրի վերաբերյալ մեր գործընկերը զրուցել է նաեւ Կովկաս ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ:
Միգրացիայի բացասական մնացորդի եւ բնական հավելաճի ցուցանիշների հաշվին ձեւավորվել է մշտական բնակության թվաքանակի ցուցանիշը՝ պարզաբանեց ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Միգրացիայի բացասական մնացորդը կազմել է -8700 մարդ, իսկ բնական հավելաճը կազմել է 2 հազար 500: Այսպիսով՝ տարբերությունը ձեւավորվել է 6 հազար 200 մարդ»:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակության թվաքանակի ցուցանիշը նվազել է շուրջ 15 հազարով՝ հավելեց Կարինե Կույումջյանը:
ԱՎԾ-ն գնահատականներ չի տալիս, սակայն նշում է, որ մշտական բնակության թվաքանակի նվազումը պայմանավորված է ծնելիության նվազմամբ, մահացության դեպքերի աճով եւ միգրացիայի ցուցանիշի ազդեցությամբ:
Եթե նախորդ տարիներին բնական աճը ավելի շատ էր, այն ինչ-որ ձեւով կոմպենսացնում էր բնակչության թվաքանակի նվազումը: 17 թ.-ի բնական հավելաճի որոշակի նվազում է արձանագրել եւ բնականաբար միգրացիայի ազդեցությունը բնակչության թվաքանակի վրա ավելի մեծ է եղել:
Միգրացիան ներկայացնում է մեկնողների եւ եկողների թվի տարբերությունը եւ, այդ առումով, միգրացիայի ներկայացված -8700 մարդ-ցուցանիշը տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների արդյունքներով ձեւավորված միգրացիայի մնացորդի ցուցանիշային գնահատականն է:
Այն ցուցանիշն է, ովքեր մեկ տարի ժամկետով մեկնել են եւ չեն վերադարձել:
Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ միգրացիայի հետ կապված ԱՎԾ տվյալները հիմնված են օդային փոխադրումների՝ «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների տվյալների վրա: Նրա խոսքով՝ ընդհանուր փոխադրամիջոցներով Հայաստանի սահմանահատումների քանակի բացասական սալտոն, մինչդեռ, այս տարի կազմում է մոտ 38 հազար: Սակայն, այդ պատկերն առավել ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ կլինեն տարեվերջի տվյալները: Մինչ այդ՝ խնդրով զբաղվող քաղաքագետն այսպիսի տվյալ հրապարակեց.
«Ես կարող եմ ասել, որ ուղիղ մեկ տարի առաջ, նույն հուլիսի մեկի դրությամբ, բացասական սալտոն կազմում էր, եթե չեմ սխալվում – 66 հազար: մի խոսքով՝ 30 հազարով հիմա ավելի քիչ է բացասական սալտոն, քան անցած տարի: Այսինքն, սա նշանակում է, որ աշխատանքային միգրացիան ավելի է փոքրացել, իսկ արտագաղթը՝ մշտական, իմ կարծիքով, շատ էականորեն քչացել է այս տարի»:
ԱՎԾ ներկայացուցիչ Կարինե Կույումջյանն ասաց, որ Հայաստանը մշտապես լքողների թվի մասին վիճակագրությունը որեւէ բան հիմա չի կարող ասել: Կարինե Կույումջյանն նշեց, որ առայժմ տվյալներ չկան նաեւ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվողների թվի վերաբերյալ:
«Դեռ չունենք, բայց շատ շուտով այդ ցուցանիշները եւս կունենանք»:
Կովկաս ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, սակայն, կարծում է, որ այս պահի դրությամբ արդեն կարելի է հաստատ ասել, որ այս տարի Հայաստանը մշտապես լքողների թիվը շատ ավելի քիչ կլինի, քան անցյալ տարի էր:
«Անցյալ տարի արտագաղթել է 48 հազար մարդ: Այս տարի հավանական է, որ նվազագույնը երկու անգամ այդ թիվը կիջնի:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ դրանում իր դերակատարությունն է ունեցել անցած տարվա մի քանի իրադարձություն՝ ապրիլյան պատերազմ, հուլիսյան դեպքեր, ինչպես նաեւ՝ տնտեսական վատ ցուցանիշը: Այս տարի դրական զարգացումներ կան:
Քաղաքագետը նկատեց նաեւ, որ նախկինում արտագաղթի թեման քաղաքական հարթակներում բավականին շատ էր քննարկվում, մինչդեռ այս տարի այն առաջնային թեմանների շարքից հեռացել է:




