Հասարակություն

Պետք է ոչ միայն մաքրել, այլեւ՝ մաքուր պահել. շաբաթօրյակը՝ Արմավիրում

Համապետական 2-րդ շաբաթօրյակին մասնակցում են Արմավիրի մարզի համայնքները: Մաքրվում էին  ոչ միայն համայնքների ներսում կուտակված աղբը, այլև գյուղամիջյան ճամփեզրերի աղբակույտերը: Համայնքների բնակիչները կոչ են անում աղբը թափել միայն նախատեսված վայրերում։

Ծանր տեխնիկայի և բեռնատարների շարժիչների ձայները լսելի էին Արմավիրի մարզի գրեթե բոլոր համայնքներում: Համապետական 2-րդ շաբաթօրյակին մաքրվում էին փողոցները, այգիները, հուշարձաններն ու դրանց  հարող տարածքները: Մաքրման աշխատանքները առավոտ վաղ էին սկսվել, հովին: Արևիկ- Տանձուտ միջհամայնքային ճանապարհի մի հատվածում, որտեղ հիմնականում ճահճուտներ են,  կուտակվում է Արևիկ գյուղի աղբը: Տարածքն այսօր մաքրվում էր  ու աղբը թաղվում  հողի տակ:

Գյուղում ամսվա մեջ  մի քանի անգամ է աղբահանություն իրականացվում, Արգամը դժգոհում է  այն մարդկանցից, ովքեր իրենց կենցաղային աղբը թափում են ճամփեզրերին, խոտերի մեջ, քամին էլ ցաքուցրիվ անում: Հիմա ստիպված են այրել չոր խոտերն ու մաքել աղբը: Արևիկ համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը տեղեկացմամբ՝  համայնքապետարանը սեփական միջոցներով է աղբահանություն իրականացնում:

Արմավիր գյուղում համընդհանուր շաբաթօրյակի էին դուրս եկել բոլորը: Համայնքը մեծ է, տեխնիկայով ապահովված, անհրաժեշտության դեպքում օգնության են հասնում նաև հարակից համայքների բեռնատարները: Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանն ասաց, որ գյուղի կենտրոնական փողոցը, որ նաև միջպետական նշանակության ճանապարհ է, մաքրվել է տարատեսակ աղբից: «Համայնքում աղբահանությունն իրականացվում է ամեն շաբաթ-կիրակի, բեռնատարը փողոցից-փողոց հավաքում է աղբն ու թափում աղբավայրում, որի ընդհանուր մակերեսը 1500 քմ է»:

Մաքրությունը սկսվում է յուրաքանչյուրիս տնից ու բակից: Նալբանդյան գյուղում ևս աշխուժություն էր, բակային տարածքները մաքրվում էին  ավազի մնացորդներից ու  հողի կույտերից:  Այգիների, հուշարձանների ու դպրոցների տարածքներն էլ  մշտապես մաքրում են դպրոցականները: Թեպետ ամառային արձակուրդներ են, բայց նալբանդյանցի դպրոցականները չեն զլացել, պատրաստակամ եկել  ու մաքրել են  իրենց վստահված տարածքը: «Մեր դպրոցի ու համայնքի համար մենք պատրաստ ենք ամեն ինչ անել»,- ասաց 9-րդ դասարանցի Աիդան:

Դպրոցականներն ասում են, որ  համայնքը նաև իրենց  տունն է, այն պետք է մաքուր պահել, որ ամաչելու տեղ չունենան:

Կարդացեք նաև

Back to top button