Հասարակություն

Գանձասար. միշտ վտանգված ու միշտ պաշտպանված

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Երեկ Արցախում մեծ շուքով նշվել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակը։ Տարեդարձի խորհրդանշական լինելը միայն երեք յոթերի համընկնմամբ չի բացատրվում՝ ուղիղ 777 տարի առաջ եկեղեցին օծվեց Տիրոջ պայծառակերպության տոնին, որ հուլիսի 22-ին էր, այս անգամ պայծառակերպության տոնը նշեցինք հուլիսի 23-ին։  Գանձասարի եւ Արցախի համար Քրիստոսի պայծառակերպության տոնի խորհրդի մասին, «Ռադիոլուրը» զրուցել է Արցախի թեմակալ առաջնորդ Պարգեւ Սրբազանի հետ։

 

 

Գանձասարի բարձունքը սրբատեղի էր մինչեւ բոլորիս քաջածանոթ եկեղեցու շինարարությունը։ Պատմական աղբյուրներն ու ավանդազրույցներն ասում են, որ այնտեղ փոքրիկ եկեղեցի կար դեռեւս 4-րդ դարում։

Գանձասարի վերելքն ու հայկական ճարտարապետության գոհար համարվող եկեղեցու շինարարությունը Խաչենի իշխան Հասան Ջալալ Դոլայի հետ է կապվում։

Նա էր եկեղեցու շինարարության նախաձեռնողը։ Վարպետները աշխատեցին 22 տարի՝ բլրագագաթին՝ դեպի երկինք բարձրացնելով հոյակերտ մի շինություն, որի խորանի տակ ամփոփվեց Հովհաննես Մկրտչի գլուխը։

Եկեղեցին օծվեց երկու տարի անց, երբ Հասան Ջալալ Դոլան՝ հայ հոգեւոր ու քաղաքական մտքի այդ տիտանը, պայմանագիր կնքեց աշխարհակալ մոնղոլների հետ․ խորախորհուրդ էր եկեղեցու օծման արարողությունը. հազարավոր պատվարժան հյուրեր կային, յոթհարյուր  քահանաներ էին եկել՝ աղոթք բարձրացնելու առ աստված։

Տոնական ճաշկերույթին բոլորին սպասարկողը Խաչենի զինվորական ու  քաղաքական առաջնորդն էր։

Դարերի ընթացքում Գանձասարը առաջնորդանիստ էր, առաջնորդարան և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ 1400-1816 թթ. Աղվանից կաթողիկոսության նստավայրն էր: Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ շատ երկար Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Շատ հաճախ այստեղ են հղացվել եւ իրագործվել ազատագրական գաղափարները։ Խորհրդային տարիներին եկեղեցին չէր գործում, բայց նրա վեհությունը մնաց կանգուն եւ 1989 թ. երբ վերաբացվեց Արցախի թեմը, թեմի առաջնորդանիստ  հռչակվեց Գանձասարի վանքը։ Վանքը ռազմական գործողությունների կիզակետում էր, միշտ վտանգված ու միշտ պաշտպանված՝ հայ մարտիկների ու երկնային զորքի շնորհիվ։

Այս շարքը լրացավ վերջին տարիներին, երբ 2010 թվականին վանքի օծման 770-րդ տարում դիպվածով Արցախի պատմաերկրագիտական թանգարանում հայտնված Սուրբ Աստվածածնի սրբապատկերը մեծ շուքով տեղափոխվել է Գանձասար: Նույն տարում`հերկրպագություն հավատացյալների, Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ վանք է բերվել Հովհաննես Մկրտչի մասունքը` սրունքից մի հատված:

Երեկ Գանձասարի օծման 777-րդ տարում, դարձյալ պայծառակերպության տոնին վանքը մարդաշատ էր․թեմակալ առաջնորդի ձեռամբ տոնական սուրբ ու անմահ պատարագ մատուցվեց, որին ներկա էր Արցախի նախագահը, հարյուրավոր ուխտեկներ Արցախի ու Հայասանի, տարբեր վայրերից, հյուրեր արտերկրից։

Պարգեւ Սրբազանը Տիրոջ Պայծառակերպության տոնը Արցախի համար խորախորհուրդ է համրում․1240 թ․ օծվեց Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, ազատագրումից հետո հենց այդ տոնին վերաբացվեց Շուշիի Ամենափրկիչը։ Իսկ 2006-ին  Արցախի թեմի նոր առաջնորդանիստի՝ ՍտեփանակերտիՍուրբ Աստվածածնի Հովանի մայր տաճարի հիմնարկեքի արարողությունն էր:

Սրբազանը չի բացառում․ գուցե Աստծո նախախնամությամբ հենց Պայծառակերպության տոնին էլ մի օր կօծվի մայր տաճարը։

Back to top button