Նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները


Ծաղկաձորի մարզաբազայում այսօր կայացել է Հայաստանի նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք 2017 մրցույթի եզրափակիչ փուլն ու պարգևատրման արարողությունը: Արդեն ավանդական դարձած այս մրցաշարի եզրափակիչ փուլին մարզաշխարհի ներկայացուցիչների ուղեկցությամբ հետևել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նաև անձամբ է պարգևատրել հաղթողներին ու մրցանակակիրներին:
2004 թվականից Հայաստանում և Արցախում անցկացվող <<Լավագույն մարզական ընտանիք>> միջոցառումը վաղուց արդեն սիրված ու սպասված տոն է մարզասեր հասարակության համար: Այն աստիճանաբար մեծ մասսայականություն է ստացել և անցած տարիներին մասնակիցների թիվն ավելացել է մոտ 30 անգամ։ Եթե 2004 թվականին մասնակցել է ընդամենը 54 ընտանիք, ապա այսօր մարզական այս յուրատեսակ միջոցառմանը մասնակցում է 1516 ընտանիք:<<Մարզական լավագույն ընտանիք 2017>> միջոցառման եզրափակիչ փուլ է դուրս եկել 144 ընտանիք, որոնք 4 տարիքային խմբերում մրցել են 6 մարզաձևում: Մրցաշարի եզրափակիչ փուլին իրենց մասնակցությունն են ունեցել նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքներ:
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար լավագույն մարզական ընտանիք մրցույթի կազմակերպիչ Խաչիկ Ասրյանը նշում է, որ այս միջոցառումը նպաստում է ընտանիքների առողջ ապրելակերպին:
Միջոցառումը կարևորում են նաև մրցույթի մասնակիցները: Առաջին տարիքային խմբում հաղթող դարձած Հրազդան քաղաքի բնակիչ Ավագյանների ընտանիքն այս մրցույթին մասնակցում է արդեն 3-րդ անգամ: Ընտանիքի ամուսինը՝ Գագիկ Ավագյանը, ընդգծում է, որ սպորտն իր տարերքն է և դրանով կարողացել է վարակել ինչպես կնոջը, այնպես էլ որդուն:
Ինչպես միշտ ակտիվ կյանքն ու առողջ ապրելակերպը նախընտրող ընտանիքներին ողջունում ու խրախուսում է նախագահ Սերժ Սարգսյանը: Շնորհավորելով բոլոր հաղթողներին ու մրցանակակիրներին՝ հանրապետության նախագահը ընդգծում է , որ այսպիսի միջոցառումների մասնակցելը ոչ միայն տալիս է առողջություն , այլև լավ տրամադրություն ու վստահություն սեփական ուժերի նկատմամբ: «Ուզում եմ, որպեսզի բոլորդ նայեք այս երեխաների աչքերին. տեսեք՝ ինչքան լույս է ճառագում, տեսեք՝ ինչքան վստահություն և ուրախություն կա, ուրեմն այն, ինչ որ կատարվում է, տեղին է, անհրաժեշտ է, և մենք պետք է մեր հանրապետությունում պրոֆեսիոնալ սպորտի հետ զուգահեռ՝ մշտապես նպաստենք զանգվածային միջոցառումների անցկացմանը»,- ասաց նախագահը։
Մրցաշարի բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրեց խոշոր դրամական պարգևներով: Միջոցառմանը մասնակցած ամենակրտսեր մարզիկներին էլ դրամական պարգևներ հանձնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ընդհանուր մեդալների քանակով <<Լավագույն մարզական ընտանիք 2017>>մրցույթում հաղթող ճանաչվեց Երևան քաղաքի թիմը, ուստի նախագահի կողմից պատվավոր գավաթը հանձնվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: <<Ռադիոլուրին>> տված հարցազրույցում Երևանի քաղաքապետը նշեց, որ այս պարգևը խոսում է նրա մասին, որը երևանցիները ակտիվորեն զբաղվում են սպորտով:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից վստահեցնում են , որ առաջիկայում մարզական միջոցառումների թիվը հանրապետությունում կավելանա , ինչը կնպաստի նաև սպորտի մասսայականացմանը: