«Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարանը մեկ դար անց վերադարձավ հայրենիք


«Հրաշափառ», «հրաշագործ» անունով ու զորությամբ հայտնի 15-րդ դարի ձեռագիր Ավետարանը մոտ մեկ դար Դադայան ընտանիքի նվիրական սրբությունն է: Երկար ճանապարհ անցած Սուրբ գիրքը 100 տարի անց նորից վերադարձել է Հայաստան, այս անգամ՝ ընդմիշտ: Հրայր Դադայանը եւ Հռիփսիմե Դադայան-Բարնակյանը արժեքավոր ձեռագիրն այսօր նվիրել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին:


1471 թվականին Երուսաղեմում գրված Ավետարանը 1918 թվականից Դադայանները սրբությամբ են պահել՝ հավատալով, որ իրականում զորավոր գիրքն է հաճախ պահել իրենց: Ամերիկաբնակ Հռիփսիմե Դադայանը հիշում է, որ Ավետարանին կպչելու թույլտվություն հազվադեպ էին ստանում: Բացելուց առաջ էլ՝ մեծ մայրը զգուշացնում էր՝ «ձեռքերդ երեք անգամ լվա, խաչակնքվիր»:
Մատենադարանի տնօրենի ժամանակավոր գործակատար Վահան Տեր-Ղևոնդյանը մեծ երախտագիությամբ ընդունում է իրենց համար կարևոր նվերն ու ասում է, որ այս օրը տոնական է մատենադարանցիների ու Մատենադարանի համար:
Գիրքն ինքն իրենով առանձնահատուկ է իր անցած ճանապարհով: Երուսաղեմից Արևմտյան Հայաստան, Երևանից Ֆրանսիա ու ԱՄՆ, իսկ արդեն այսօր՝ գրեթե մեկ դար անց, «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարանը վերադառնում է հայրենիք՝ վերջնական հանգրվանի: Հռիփսիմե Դադայան- Բարնակյանի խոսքով՝ գրքի նվիրատվության գաղափարը եղբայրն իր հետ կիսել է միանգամից, ասում է՝ րոպեական որոշում էր ու միանշանակ:
«Կծիծաղեք թերևս, բայց պետք է ասեմ` երազում ձայն լսեցի, այս Սուրբ Ավետարանն ինձ ըսավ. «Երթամ ննջեմ զիմ Հայաստան, երթամ ննջեմ զիմ Երևան»:
Ի սկզբանե՝ գիրքը Դադայան ընտանիքին չի պատկանել: 1918 թվականին Երևանում՝ Դադայան ընտանիքի մեծ մոր՝ Եղսայի ու հիվանդանոցում պառկած մի հայի հանդիպումն է փոխել գրքի ճակատագիրն ու ճանապարհը։ Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանը ներկայացնում է Ավետարանի անցած ճանապարհը:
Ավետարանը 1918-ին Խարբերդի նահանգից Երևան գաղթած Եղսայի մայրիկին պահպանության է հանձնում հիվանդ մի գաղթական, որն ավաղ չի ապաքինվում, և ձեռագիրը մնում է Դադայանների ընտանիքում, որոնք Երևանից տեղափոխվում են Ֆրանսիա, այնուհետև Ամերիկա:
Նվիրատուն գրքին դրամական որևէ արժեք չի տվել և չի տալիս, ասում է, իր համար գիրքը անգին է։ Սակայն ձեռագրատան գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանն թվարկեց գրքի արժանիքներն ու նոր միայն համաձայնեց՝ գիրքը մեզ համար էլ է արժեք՝ անգին արժեք:
«18-րդ դարի կեսերին Ավետարանը կազմվել է: Ե՛ւ կազմը, ե՛ւ ձեռագրի ոչ այնքան հարուստ մանրանկարչությունը բավական արժեքավոր են: Ես ամբողջ կյանքում Հայաստանում եւ արտերկրում ձեռագրեր եմ ուսումնասիրել, բայց ամբողջությամբ սեւաթով պատված այսպիսի կազմ առաջին անգամ եմ տեսնում»:
Գրքի ներկայացման արարողությանը հաջորդեց մեկ այլ՝ Մատենադարան շքանշանի հանձնման արարողությունը: Մատենադարանի տնօրենությունն այս կերպ է փորձում իր շնորհակալությունը հայտնել բոլոր նվիրատուներին, որոնց շնորհիվ համալրվում է Մատենադարանի պահոցը։