Հասարակություն

Փորձ է արվում կոտրել ինստիտուտի ողնաշարը. փաստաբաններ


Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգված են  դատական նիստերի ընթացքում փաստաբանների գործունեությանը խոչընդոտելու, ամբաստանյալների նկատմամբ բռնություններ կիրառելու միջադեպերով : Նման միջադեպերով  ուղեկցվում է հատկապես  ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող խմբի անդամների դատավարությունը: Դատական նիստերն անցնում են լարված մթնոլորտում, սանկցիաներ են կիրառվում ոչ միայն ամբաստանյալների, այլ նաև փաստաբանների նկատմամբ:

Գրոհ փաստաբանների դեմ կամ մարտահրավեր ուղղված արդարադատությանը. այսպես են որակում իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները  դատական վերջին նիստերի ընթացքում  արձանագրված միջադեպերը: Իրենք՝ փաստաբաններն ասում են, որ  փորձ է արվում կոտրել ինստիտուտի ողնաշարը:

«Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ պետությունը կենտրոնացել է փաստաբանների նկատմամբ համատարած ճնշումների վրա, ստեղծում է իրավիճակներ, որտեղ նախապես կարելի է գուշակել, թե իրենց ինչպես պահեն»:

Փաստաբան Հայկ Ալումյանը որպես իր գնահատականի  հիմնավորում նշում է փաստաբանների  անձնական իրերի զննությունը,  նրանց  դեմ կիրառվող սանկցիաները:  Այս միջադեպերով ուղեկցվում է հատկապես ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող  խմբի անդամների դատավարությունը: Դատական նիստերն անցնում են լարված մթնոլորտում, ուղեկցվում  ոչ միայն ամբաստանյալների, այլ նաև նրանց պաշտպանների նկատմամաբ կիրառվող ակցիաներով:  Ըստ փաստաբանների ՝ սա աննախադեպ պրակտիկա է:

«Հասել ենք այնտեղ, որ դատավորը պաշտպանին  ասում է ամբաստանյալ Լուսինե Սահակյան …. Հասկանալի է, որ վրիպակ է, բայց Ֆրեյդի տեսությամբ նման վրիպակները պատահական չեն լինում»:

Փաստաբանները խոսում են նաև  այն գործողությունների մասին, որոնց բախվում են մինչ դատական նիստերի դահլիճ մտնելը: Այն զննությանը, որին ենթարկվում են փաստաբանները դատական կարգադրիչների կողմից, առնվազն նվաստացուցիչ է՝ ասում է «Սասնա ծռերի» գործով մեղադրվող մի քանի անձանց պաշտպանությունն իրականացնող  Մուշեղ Շուշանյանը:

«Փորձ է արվում փաստաբաններին նվաստացնել, նրանց արժանապատվությունը վիրավորել: Ասենք պահանջ է ներկայացվում դրամապանակը բացել, հակառակ դեպքում դատական կարգադրիչները զեկուցագրեր են ներկայացնում դատավորին, որոնց հիման դատավորը սանկցիաներ է կիրառում»:

Այն, ինչ փաստաբանները խուզարկություն են որակում, ընդամենը զննություն է, որի իրավունքը դատական կարգադրիչներն,  ըստ Դատական օրենսգրքի,  ունեն՝ այսպես է հակադարձում փաստաբանների պնդումներին Դատական դեպարտամենտի ղեկավարը: Կարեն Փոլադյանը վստահեցնում է՝ իրենց բոլոր գործողություններն արվում են միայն անվտանգության նկատառումներով:

«Որևէ դատական կարգադրիչի չի հետաքրքում, թե ինչ կա փաստաբանի դրամապանակում կամ պայուսակում: Մենք զննություն ենք իրականցնում, որի նպատակը միայն անվտանգություն ապահովելն է»:

Կարեն Փոլադյանը համաձայն չէ նաև այն դիտարկմանը, թե մինչ այժմ դատական կարգադրիչները նման հետևողականություն չեն ցուցաբերել:

«Պրակտիկան եղել է, դուք չենք նկատել, բայց գուցե չի եղել պարբերական: մենք հասնելու ենք նրան, որ բոլոր դատարաններում բոլոր անձինք, անկախ նրանից փաստաբան են թե մեղադրող, ենթարկվեն զննության»:

Ի դեպ, փաստաբաններից  Մուշեղ Շուշանյանը հենց այսօր էր տեղեկացել, որ  իր նկատմամբ  կարգապահական վարույթ է հարուցվել:  Փաստաբանների պալատն  այս որոշումը կայացրել է  ոստիկանապետի  դիմումի հիման վրա: Վովա Գասպարյանը կարծում է, որ Շուշանյանը, մեկնաբանելով «Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունները, իրավապահների  հասցեին անհարգալից արտահայտություններ է արել: Իսկ դրանք,  ըստ ոստիկանության,  վնասում են  համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը: Հիմա պալատը պետք է քննի փաստաբանին վերագրվող արարքը և պարզի՝ կարգապահական խախտում կա թե ոչ:

Ես մի վարույթ պալատն արդեն  դատախազության դիմումի հիման վրա հարուցել է փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Այս դեպքում նույնպես  առիթը փաստաբանի հրապարակային հայտարարություններն են: Փոխարենը  մի վարույթի հարուցումն էլ արդեն դատավորի դիմումի հիման վրա մերժվել է: Խոսքն այն միջադեպի մասին է, երբ դատական նիստի ժամանակ   ամբաստանյալն իր պաշտպանին գրություն էր փոխանցել, ոստիկանները թույլ չէին տվել, իսկ դատավորը դիմել էր Փաստաբանների պալատ:  Կառույցը  ոչ միայն մերժել է փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ  կարգապահական վարույթ հարուցելը, այլ նաև որոշել է դիմել ոստիկանության պետին հակառակ պնդումով ՝ քննել փաստաբանից թուղթն առգրաված ոստիկանի վարքագիծը:

Back to top button