Կաշառքի և իշխանության չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել բանակի դիվիզիոնի շտաբի պետին


ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ՊՆ N զորամասի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր: Զորամասի դիվիզիոնի շտաբի պետը՝ կոչումով մայոր, կալանավորվել է։
Նախնական տվյալներով՝ 1985թ. ծնված Ա.Պեպանյանը, 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հունիս ամիսը զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը, իր լիազորությունների շրջանակներում, նույն դիվիզիոնի ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, այն է` 2015 թվականի դեկտեմբերին զորամասի հրամանատարի կողմից կարճաժամկետ արձակուրդ հատկացնելուն միջնորդելու համար, պահանջել է 40.000 ՀՀ դրամ կաշառք։ Պահանջված գումարը, Ա.Պեպանյանի առաջարկով, զինծառայողի մայրը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին փոխանցել է նույն դիվիզիոնի մեկ այլ ժամկետային զինծառայողի կողմից օգտագործվող բանկային քարտի հաշվեհամարին:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: