Բալանսավորո՞ւմ, թե՞ նվազեցում. դատապարտյալների դատապարտյալներին հատկացվող սննդի չափաբաժինները վերանայվել են


Կառավարությունը վերջին որոշումներից մեկով վերանայեց դատապարտյալներին հատկացվող սննդի չափաբաժինները: Որոշումը միանշանակ չընդունվեց և քննարկումների առիթ դարձավ: Իրավապաշտպանները կարծում են, որ սննդի քանակն ու որակը քրեակատարոողական հիմնարկներում ամենախնդրահարույց հարցերից մեկն է ու ավելացնելու փոխարեն կառավարությունը գնում է նախատեսված չափաբաժինները նվազեցնելու ուղղությամբ: Կառավարությունը փոփոխությունը ոչ թե նվազեցում, այլ բալանսավորում է որակում: Պատասխանատուներն ասում են ՝ սնունդն ավելի բազմազան ու առողջարար են դարձրել:
Օրական 500 գրամ հաց, 15 գ կարագ, 2 օրը մեկ՝ 90 գրամ միս ու 25 գրամ պանիր , ամսվա մեջ 6 անգամ՝ ձու: Սրանք հիմնական սննդատեսակների օրական նվազագույն չափաբաժիններն են, որոնք սահմանել է կառավարությունը բանտարկյալների համար: Նոր որոշումը որոշ չափաբաժիններ նվազեցրել է, որոշները՝ ավելացրել: Որոշում կայացնողներն ասում են ՝ բալանսավորել են սնունդը, հաշվի են առել առողջապահության ոլորտի մասնագետների ցուցումները, նաև ՝սեզոնայնության գործոնը: Օրինակ նախատեսել են, որ հացի ու մակարոնեղենի փոխարեն մինչև հոկտեմբեր բանտարկայլների ճաշացանկում պետք է ավելանա բանջարեղենի չափաբաժինը:
«Օրինակ, 2017-ին նախատեսված է ձեռք բերել 30 հազար կիլոգրամ բանջարեղեն, որը նախկինում չի եղել, կամ ձուն, որը նախկինում տրվում էր միայն անչափահաս կամ հիվանդ դատապարտվածներին, հիմա բոլորին ՝ ամսական 6 հատ»:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետն այս օրինակով հիմնավորում է, որ փոփոխություններն ավելի բազմազան ու օգտակար են դարձրել սնունդը: Արմեն Հակոբյանն ասում է՝ հաշվի են առել միջազգային, օրինակ Ռուսաստանի Դաշնության փորձը և առողջապահության ոլորտի մասնագետների ցուցումները: Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդներն այլ բան են ասում ՝ իրենց համարյա բոլոր զեկույցներում նշել են, որ քրեակատարողական հիմնարկներում խնդիր է տրամադրվող սննդի որակը: Խմբի անդամ Ռուբեն Սարգսյան:
«Խնդիրը տրամադրվող հացի քանակը չէ, խնդիրը սննդի որակն է, որից դատապարտյալները համատարած դժգոհում են ու մեզ հետ զրույցներում նշում, որ ուտելու բան չէ»:
Պետական բյուջեից յուրաքանչյուր ազատազրկվածին ուղղվում է օրական 6240 դրամ է ուղղվում: Այդ գումարից սննդին հատկացվում է օրական մոտ 700 դրամը: Թե ինչպես՝ փաստաթղթերով մի բան է, իրականությամբ մեկ այլ բան՝ ասում է դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:
«Մեր դիտարկումներից հասկացանք, որ կա հիմնարկ, որտեղ ճաշացանկի հիմնական բաղադրիչը շոգեխաշած կաղամբն ու կարտոֆիլն են: Շաբաթվա 6 օրը նախաճաշին, մի օրը կարող էր երեկոյան լինել»:
Ռոբերտ Ռևազյանը հենց սննդի որակով և կրկնվող ճաշացանկով է բացատրում այն հանգամանքը, որ դատապարտյալներից շատերը հրաժարվում են տրամադրվող սննդից ու սպասում իրենց հարազատների հանձնուքներին:
Ըստ նրանց դիտարկումների՝ կան քրեակատարողական հիմնարկներ, որտեղ դատապարտվածների 70 տոկոսը հրաժարվում է տրամադրվող սննդից և օգտվում դրսից բերված սննդից: Հանուն արդարության նշում են, որ քիչ դժգոհություն են լսել Գորիսի և Արմավիրի ՔԿՀ-ներից:
Որ հանձնուքներ հանձնելու հերթ է, հնարավոր է համոզվել կարճ այցելությամբ էլ:
Հանձնուքների վերաբերյալ պաշտոնյաների վիճակագրությունը դիտորդների նշած թվերի հետ չի համընկնում: Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետ Տիգրան Սահակյանն այս վիճակագրությունն է նշում:
«ՔԿՀ-ներում ամեն օր գրանցվում է մոտավորապես 100 հանձնում, ունենք 3800 դատապարտյալ: Այսինքն, հանձնուք ստացողները ամբողջի 9 տոկոսն են, մնացածը օգտվում են մեր սննդից»:
Ռեստորանային սնունդ չի տրամադրվում, բայց բոլոր նորմատիվները պահպանվում են՝ վստահեցնում են արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Նաև մի այսպիսի հիմնավորում նշում՝ խոհարարները նույնպես դատապարտված անձիք են, և նրանց պատրաստած սնունդը թեկուզ բանտային բարքերից ելնելով չի կարող անորակ լինել: