Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն Արցախում է


ԱԺ փոքր դահլիճում ՀՀ և ԱՀ խորհրդարանների մշտական հանձնաժողովների ղեկավարներին ողջունել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է հայաստանյան գործընկերներին՝ մշտական հանձնաժողովների ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցույթամբ և ընդգծել երկու խորհրդարանների միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը՝ այդ համատեքստում կարևորելով ՀՀ նախորդ գումարման Ազգային ժողովի դերը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ այդ նշաձողն արդեն իսկ պահպանվում է նորընտիր խորհրդարանի կողմից:
Այնուհետև, ՀՀ Աժ մշտական հանձնաժողովների ղեկավարները հանդիպել են Արցախի խորհրդարանի համանուն հանձնաժողովների ղեկավարների ու անդամների հետ և քննարկել հետագա փոխգործակցության ուղիները, երկու խորհրդարաններում շրջանառության մեջ գտնվող օրենսդրական նախաձեռնությունները և դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Օրվա երկրորդ կեսին ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմակայելու համատեքստում՝քաղաքական ուժերի համագործակցության հարցերի շուրջ:
Աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի խորհրդարանական պավիրակությունը հանդիպել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին:
Նախատեսվում է նաև հանդիպում Արցախի Հանրապետության նախագահի հետ: