ԿարևորՀասարակություն

Կայացավ «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի պրեմիերան


«Սովորական ցեղասպանություն» շարքից հերթական ֆիլմը՝ «Ապրիլյան երկրորդ օրը»,  վաղուց էր պատրաստ, բայց հանրությանը այն ներկայացնելու ժամկետներն արագացվեցին՝ հուլիսի 4-ին ադրբեջանական սադրանքի՝ Ադրբեջանի գյուղերից մեկում տեղի ունեցած ողբերգության՝ երեխայի մահվան պատճառով: Թե՛ անցյալ տարվա ապրիլին, թե՛ մի քանի օր առաջ՝ հուլիսի 4-ին, զոհվեցին երեխաներ, ուստի «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմը նվիրվում է Արցախի ազգային-ազատագրական պայքարում զոհված բոլոր երեխաների հիշատակին: Ֆիլմը պատրաստվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն թարգմանված ֆիլմը հերթական վավերագրական փաստաթղթերից է, որը լույս է սփռում իրականության վրա:

Քաղաքականությունը միայն դիվանագետներն ու քաղաքական գործիչները չեն, քաղաքականությունն առաջին հերթին հասարակությունն է, որը պետք է լավատեղյակ լինի իրադարձություններից: Հետեւաբար, միջազգային հանրությանը պահանջներ ներկայացնելու փոխարեն անհրաժեշտ է աշխատել՝ իրականությունն աշխարհին հասանելի դարձնելու համար: Ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական կողմը դատարկ հայտարարություններից անցնում է փաստարկված հիմնավորումների: Աժ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պնդում է՝ Հայաստանն անում է հնարավորը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների անհասցե հայտարարություններին վերջ դնելու համար:

 

Միջազգային հանրության դատին արդեն հանձնվել են նոր փաստեր՝ «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի տեսքով: Մի քանի լեզուներով ֆիլմը ներկայացնում է 2016-ի ապրիլին հրադադարի խախտման եւ քառօրյա պատերազմի իրողությունները:

 

Ճակատագիրը փոքրիկ Վարդանին ապրելու երկրորդ շանսը տվեց, նրա հետ միասին հիվանդանոցում հայտնվեց եւս մեկ երեխա, իսկ ահա 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը դարձավ քառօրյա պատերազմի խաղաղ բնակիչներից առաջին զոհը: Դա տեղի ունեցավ դպրոցի ճանապարհին: Մինչ այսօր փոքրիկ Վաղարշակի մահը երբեք չշահարկվեց՝ ի տարբերություն այս տարվա հուլիսի 4-ին կրկին ադրբեջանական սադրանքից հետո զոհված երկամյա ադրբեջանցի Զուխրայի: «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի հեղինակներից Մարինա Գրիգորյանը եւ Լարիսա Ալավերդյանը հենց այս նուրբ կետում են համեմատություններ անում՝ համապատասխան հետեւություններով:

Ադրբեջանցի երեխայի մահվան փաստի առիթով հայկական կողմն անհրաժշտ է համարում միջազգային անկախ հետաքննության անցկացում՝ պարզելու, թե ինչ է իրականում կատարվել այդ գյուղում: 2016-ի ապրիլը այս առումով դասեր տվել է: Աժ-ի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հիշում է՝ երբ անցյալ տարի ապրիլյան օրերին Արցախում ուղեկցում էր միջազգային լրատվամիջոցների խմբին, հայտնի դարձավ, որ սահմանագծի նույն հատվածում, բայց Ադրբեջանի տարածքից աշխատող «Լայֆ նյուզ» լրատվամիջոցի աշխատակիցներին Ադրբեջանը վտարեց երկրից:

 

«Լայֆ նյուզ»-ը այն ժամանակ իր եթերում ամբողջ աշխարհին պատմեց միջազգային իրավունքի բոլոր բարոյական կանոնների եւ իրավական ակտերի բացահայտ խախտման մասին: Իսկ այսօր արդեն «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմը համալրում է ղարաբաղյան հակամարտության փաստագրական վավերագրումների շարքը, որոնք լավագույն եւ փաստարկված պատասխանն են Ադրբեջանի քարոզչությանը։

Back to top button