Հասարակություն

Տաքսու վարորդները դժգոհում են, որ չեն ծանուցվել լիցենզիայի վճարների մասին. բողոքի ակցիա ԱԺ մոտ

Տաքսու վարորդներն այսօր դարձյալ բողոքի ակցիա էին անցկացնում։ Այս անգամ արդեն  ԱԺ դարպասների դիմաց: Նրանք պատգամավորներից պահանջում էին  զրոյացնել  լիցենզավորման համար կուտակված գումարները:  Վարորդները հավաստիացնում են ,որ նախարարությունը  չի զգուշացրել իրենց պարտքերի մասին։ Կապի և տրանսպորտի նախարարությունից էլ «Ռադիոլուր»-ին հավաստիացրել են, որ զգուշացվել են:

 

 

Դեմիրճյան փողոցի հատվածում  այսօր հավաքվել էին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» անդամներն ու մի շարք անհատ տաքսիստներ՝ խորհրդարանից պահանջելով զրոյացնել վարորդների լիցենզավորման համար կուտակված գումարները։

Հիմնական խնդիրը լիցենզավորման ենթակա ամսական 12 հազար դրամի վճարն է։ Այն չմուծած վարորդները տուգանվել են 50 հազար դրամով։ Ոմանց մոտ պարտքի չափը հասել է մինչև 500 հազար դրամի: Ըստ վարորդների՝ պետությունը պարտավոր էր 2 ամիս անց զգուշացնել, որ չվճարված պարտքեր ունեն, սակայն՛ ըստ վարորդների, որևէ ծանուցում չեն ստացել:
ԱԺ պատգամավորներից վարորդների խնդիրը լսելու էին եկել «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները:

Տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության նախարարության Լիցենզավորման գործակալության  պետի տեղակալ  Արայիկ Ստեփանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հերքեց բոլոր այն խոսակցությունները, որ վարորդները տեղեկացված  չեն եղել։ Ավելին՝  նշեց, որ նրանք  պարբերաբար հանդիպել են իրենց հետ, հորդորել են վճարել պետական տուրքը, սակայն նրանց հորդորները եղել են ապարդյուն:

Խնդիրը ԱԺ ամբիոնում բարձրացրեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։ Թե ինչպես կլուծվի խնդիրը եւ արդյո՞ք կառավարությունը կգնա հերթական ֆինանսական համալրման՝ քննություն կդառնա Կարեն Կարապետյանի կաբինետի համար։

Back to top button