Քաղաքական

Հայաստանի անվտանգության ոլորտը դիվերսիֆիկացման կարիք ունի .


Քաղաքագիտական ներկայանալի շրջանակ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ դիվանագիտական մասնակցություն՝ այսօր Երեւանում կազմակերպվել է «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» միջազգային համաժողով: Հայաստանն ու անվտանգության կենտրոնները, արդյո՞ք համատեղելի է ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ միաժամանակյա համագործակցությունը: Շահագրգիռ կողմերն այսօր փորձել են գտնել մշտապես հնչող հարցերի պատասխանները, թերեւս կարեւորագույնը՝ անվտանգության ապահովումն է, քանի որ սահմաններին յուրաքանչյուր թեժացման արդյունքում այդ հարցը ամենաարդիականն է դառնում:

 

 

Հայաստանի անվտանգության ոլորտը դիվերսիֆիկացման կարիք ունի եւ դա ապացուցվեց թերեւս 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո՝ կարծում է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ Նրա ղեկավարած կազմակերպության նախաձեռնությամբ էլ կազմակերպվեց ՆԱՏՕ-ին առնչվող այսօրվա միջազգային համաժողովը:

Ուղերձներ, որ հնչեցին համաժողովի հենց սկզբից՝ կարեւոր է, որ եվրոպացի դիվանագետներն ու երկրները լսեն ձայնը Հայաստանից, կարեւոր է նաեւ, որ այդ ձայնը լսի Հայաստանի ռազմավարական գործընկերը:

Քաղաքացիական հասարակության եւ քաղաքական վերլուծաբանների դիրքորոշումները քննարկվող հարցի առնչությամբ եվրոպացի դիվանագետները լսեցին հենց տեղում: Նրանք ափսոսեցին, որ հավաքին չեն հրավիրվել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները: Հայաստանում թե Գերմանիայի, թե Լեհաստանի դեսպաններն ամեն մեկն իր հերթին պնդեցին, որ  ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չի ուղղված երրորդ երկրի դեմ եւ այդ հարցում անհրաժեշտ երկխոսությունը ցանկալի է: Եվրատլանտյան կառույցում, ի դեպ, Հայաստանը դիտարկվում է իբրեւ վստահելի գործընկեր: Համաժողովին դա հաստատեց Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին՝ օրինակ բերելով Հայաստանի խաղաղապահ առաքելությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Պուգլիսին չշրջանցեց Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելու փաստը՝ ընդգծելով, որ «այստեղ իրենք որեւէ հակասություն չեն տեսնում» եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունում որեւէ անակնկալներ չկան: Հայաստանի մասին խոսելիս Պուգլիսին օգտագործեց «եզակի դեպք», «արտակարգ երկիր» ձեւակերպումները, քանի որ ՀԱՊԿ անդամ լինելով՝ Հայաստանը սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Այս հարցում անկեղծության կոչ արեց նախկին պատգամավոր, այժմ վերլուծական գործունեությամբ զբաղվող Թեւան Պողոսյանը: Ոչ միայն մենք Հայաստանում պետք է մեր ներքին հարցերի մասին պարզ ու բաց խոսելու ուժ գտնենք, այլ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ եւս՝ ասում է:

Թեւան Պողոսյանը նկատի ունի Թուրքիային: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Թուրքիայի գործունեությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում որեւէ կերպ չի կարող վնասել Հայաստանի շահերին՝ անգամ Ադրբեջանին աջակցելու հարցում:

Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովոկովսկին բացահայտեց ՆԱՏՕ-ի հետաքրքրությունների շրջանակը:

«ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ուժեղացումը կարեւոր է, իսկ արեւելյան թեւի մեր գործընկերներից է Հայաստանը»,- ասում է դեսպանը: Անվտանգության խնդիրների վրա շեշտը դրեց նաեւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Ասում է. «Կարեւոր է ՆԱՏՕ-ի սահմանների շուրջ անվտանգության ապահովումը. Հարավային Կովկասը շատ մոտ է ՆԱՏՕ-ի սահմաններին: Սա մնում է ՆԱՏՕ-ի առաջնահերթություններից»:

Դեսպանների ուղերձներից մեկը թերեւս այն շեշտադրումն էր, որ «ՆԱՏՕ-ն այն կառույցն է, որը անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆիզիկապես պաշտպանել իր անդամ յուրաքանչյուր երկրի»: Հայաստանի իրողությունը հակիրճ ձեւակերպեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

«Մենք մեր սպառազինությունը ստանում ենք Ռուսաստանից, իսկ արժեքներն ու փորձառությունը՝ ՆԱՏՕ-ից, երկուսի կարիքն էլ ունենք»,- ասում է փորձագետը: ՆԱՏՕ-Ռուսաստան մրցակցությունը չի կարող Հայաստանը մեկուսացված դարձնել, ընդհակառակը՝ փորձագետները կարծում են, որ Հայաստանը եզակի դեպք է, երբ կարող է կամուրջ հանդիսանալ երկու կառույցների միջեւ:

Back to top button