Քաղաքական

Շփման գծի՝ տիեզերքից խորազննման առաջարկին միանում է քաղհասարակությունը

Եթե ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկի պատճառով կյանքի չեն կոչվում Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի փաստաթղթերում առկա կանխարգելիչ միջոցառումները, ապա օգնության կարող է հասնել տիեզերքը: Առաջարկի հեղինակը Հայկ Քոթանջյանն է: Առաջարկն արվել է բոլորովին վերջերս, բայց բարձր մակարդակում արձագանքների դեռ չի արժանացել: Շահագրգիռ կողմերի ուշադրությունը գրավելու նպատակով այս ուղղությամբ որոշել են ակտիվ աշխատել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

 

Եթե ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկի պատճառով կյանքի չեն կոչվում Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի փաստաթղթերում առկա կանխարգելիչ միջոցառումները, ապա օգնության կարող է հասնել տիեզերքը: Տիեզերական խորազննման արդյունքները քաղաքական, դիվանագիտական եւ պատերազմների կանխարգելման հարցում օգտագործելու հնարավորություններն առաջին անգամ բարձրաձայնել է գեներալ Հայկ Քոթանջյանը դեռեւս երկու ամիս առաջ:

Միջազգային տարբեր համաժողովների բարձր ամբիոններում առաջարկը հնչեցնելուց հետո, այն քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարաններում։ Այնուհետեւ որեւէ արձագանքի չի արժանացել: Առաջարկն իրատեսական համարելով՝ հարցն այժմ փորձում են հանրայնացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, <<Ընդդեմ իրավական կամայականության>> ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ քաղաքացիական հասարակությանն այս հարցում պետք է ակտիվացնել՝ դրանով իսկ ստիպելով միջնորդ երկրներին ականջալուր լինել այս պահին ամենաիրատեսական առաջարկին: Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի փաստաթղթերում առկա՝ շփման գծի վրա վստահության մեխանիզմների ներդրման միջոցառումները, եթե հնարավոր չի կյանքի կոչել, ապա այս տարբերակը լավագույն լուծումն է՝ ըստ Լարիսա Ալավերդյանի:

Առաջարկի էությունը՝ տիեզերական խորազննման միջոցով հնարավոր է հստակեցնել ոչ թե այն պահերը, թե երբ է զինադադարը խախտվում, այլ մինչ այդ՝  տեխնիկայի շարժը, նոր զինատեսակների ձեռքբերումն ու տեղադրումը: Այս ամենը միշտ էլ ֆիքսվել է տիեզերքից, ասում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Արման Նավասարդյանի կարծիքով՝ խաղաղության համար շահագրգռված կողմի համար սրանից ավելի մեծ գյուտ դժվար է գտնել: <<Եթե այն ազդեցություն ունենա եւ սկսի գործել՝ դրանում շահագրգռված կլինեն մեծ տերությունները>>՝ ասում է: Դիվանագետը համոզված է՝ այս համակարգը որևէ ծախս չպահանջող միջոց է, որի հիմնական նպատակն է տիեզերքից արձանագրված փաստերը փոխանցել միջնորդ երկրներին: Այստեղ թերեւս ամենադժվարը հարցը այն միջազգային իրավունքի եւ դիվանագիտական ինստիտուցիոնալ աստիճանի հասցնելն է:

Back to top button