Հասարակություն

2 մլն.ից մինչեւ 3,2 մլն. Ժողովրդագրական լավատեսական եւ հոռետեսական սցենարների միջեւ

ՀՀ ժողովրդագրական վիճակը մտահոգիչ է: Սա ուղղակի ձեւակերպում չէ, այլ կատարված ուսումնասիրությունների արդյունք, համաձայն որի, միգրացիան մեր երկրում շեշտակի թափ է ստացել վերջին 25 տարիների ընթացքում։ Դրան զուգահեռ նաեւ աճել է աշխատանքային միգրացիան: Կարելի է ասել՝ անկախության տարիների տնտեսական, սոցիալական  իրավիճակն իր ազդեցությունն է թողել, ծնելիությունը գրեթե կրկնակի նվազել է՝ (2.5-ից գործակիցը իջել է մինչև 1.5): Դա նշանակում է, որ բնական վերարտադրություն տեղի չի ունենում: Ըստ մասնագետների, բնակչության 13 տոկոսը 60- եւ ավելի տարիքի է, սրան զուգահեռ՝ աճում է նաեւ մահացությունը։

Հայաստանից արտագաղթի շուրջ 60%-ը պայմանավորված է սոցիալ- տնտեսական պատճառներով: Պատճառներից մեկը գործազրկությունն է: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները հիմնականում մեկնում են ՌԴ : Տեղացիները համոզված են՝ խոպան չգնան՝ լավ չեն ապրի: Գյուղում բոլորն էլ հող ունեն, զբաղվում են երկրագործությամբ, կարտոֆիլ, կաղամբ և հացահատիկ են մշակում: Բերքն էլ իրացնում են շուկայում կամ վաճառում  հենց դաշտում, երբեմն էլ փոխանակում են որևէ ապրանքով: Գյուղացիների խոսքով՝ տարի կա լավ է լինում, տարի կա` ոչ, բայց միեւնույն է՝ կաղամբ վաճառելով հնարավոր չէ կենցաղային հոգսերը հոգալ։ Ստիպված տան տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի: 17- ամյա Ցոլակը թվարկում է, թե ուր են նախընտրում մեկնելն համագյուղացիները՝ Չելյաբինսկ,  Տյումեն, Պերմ, Մոսկվա, Սարատով, Սամարա, Արմավիր:

«Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Տաթևիկ Բեժանյանն տեղեկացնում է, որ տարեցտարի մեծանում է միգրացիոն գործընթացներում ՀՀ քաղաքացիների թիվը: ՀՀ-ից որպես աշխատանքային միգրանտներ մեկնում են 18-54 տարեկանները, որոնցից 77%-ը՝ տղամարդիկ, եւ երկարաժամկետ գրաֆիկով: «2016թ.-ին հայ միգրանտների 95%-ը ՌԴ-ում է աշխատել, որի տնտեսության վատթարացման հետեւանքով միգրացիան փոքր-ինչ նվազել է: Մի մասը վերադառնում էր, որովհետեւ չէր կարողանում նախորդ տարիների գումարը վաստակել, մի մասն էլ այլեւս չմեկնեց: Մտավախություն կա, որ  90-ականների սկզբի ուղեղների արտահոսքը կկրկնվի»։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն էլ արձանագրում է, որ Հայաստանի ժողովրդագրական վիճակն անկախությունից հետո սկսեց վատանալ և անկման առումով իր պիկին հասավ 2000 թվականին։ «Բնական վերարտադրություն տեղի չի ունենում: Հիմա բնակչության 13 տոկոսը 60 եւ ավելի տարիքի է։ Մահացության ցուցանիշը գնալով կբարձրանա, քանի որ ունենալու ենք ավելի շատ մեծահասակ մարդիկ։ Տարեկան մոտ 10-14 հազար բնակչության նվազում ենք ունենում»:

«Ամենալավատեսական սցենարով, եթե որոշակի քաղաքականություն փոխվի, լինեն որոշակի քայլեր ժողովրդագրական իրավիճակը բարելավելու առումով, հնարավոր է, որ Հայաստանի բնակչությունը 3 մլն 200 հազարի շրջանակներում կլինի, իսկ ամենահոռետեսական սցենարով՝ 2 մլն-ից պակաս կլինի։ Ծնունդների թիվը կարող է շատ կտրուկ նվազել 2024-2030 թ., որովհետև վերարտադրողական տարիք կմտնեն 2000-ականներին ծնված երեխաները, որոնց թիվը 35.000 է»,- ասում է:

Եթե սրան գումարվեն նաեւ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, որի պատճառով բավականին նվազել է աղջիկ երեխաների՝ այսինքն ապագա մայրերի թիվը, դա ևս ժողովրդագրական վիճակի վրա կունենա իր ազդեցությունը: Ի դեպ, վերջինս, որպես խնդիր, 10 տարի առաջ պատկան մարմինները չէին տեսնում, այսօր արդեն ՀՀ նախագահի մակարդակով բարձրաձայնում են ու փորձում քայլեր ձեռնարկել ժողովրդագրական վիճակը բարելավելու համար:

Back to top button