Հասարակություն

Ինչ է իրականում տեղի ունեցել «Սասնա ծռերի» դատավարության ընթացքում

Հունիսի 28 ին «Սասնա ծռերի» գործով երրորդ դատական նիստը տևեց ընդամենը  մի քանի րոպե։ Մինչև դատական նիստի մեկնարկը՝ դատարանում տեղի ունեցավ միջադեպ ու ոստիկանները  դատարանի դահլիճից ուժով հեռացրեցին   «Սասնա ծռերի» անդամներ Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին և Մխիթար Ավետիսյանին։  Իսկ քաշքշուկը սկսվել էր այն բանից հետո, երբ  ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը ցանկացել էր գրություն  հանձնել  իր  պաշտպան Արա Ղարագյոզյանին:

Հետո արդեն ամբաստանյալների պաշտպանները հանդես եկան հայտարություամբ։ Մասնավորապես՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ  դատարանում իր պաշտպանյալը ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել, որի հետևանքով, ըստ պաշտպանի, բազմաթիվ վնասվածքներից զատ ստացել է նաև առնվազն գլխուղեղի ցնցում:

Ավելի ուշ արդեն բացահայտվեց Կյուրեղյանի գրության բովանդակությունը, որտեղ  8 կետով շարադրել էր իր ասելիքը՝ մեջբերում եմ դրանցից մի քանիսը ՝

«Դատավարությունն օգտագործում ենք
1. Ժողովրդին (հատկապես երիտասարդությանը) ոգևորելու,
2. Ինքնակազմակերպմանը օժանդակելու,
4. Մեր գաղափարները տարածելու,
6 Դատավարությունը շուռ տալու և վերածելու ռեժիմի մահավճռի», մեջբերմանը ավարտը։

Դեռ երեկ ՄԻՊ գրասենյակը տարածեց հայտարարություն, ըստ որի՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն  ամբողջ գիշեր  այցեր են կատարել «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և Գագիկ Եղիազարյանի հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացվել է նշված անձանց մարմնի արտաքին զննություն:  Ի՞նչն են պարզել ՄԻՊ աշխատակիցմները «Ռադիլուրին» փոխանցում է ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը:

«Արտաքին զննությամբ քերծվածքներ են եղել»:

Իսկ ինչպես  է մեկնաբանում այս ամենը Ոստիկանությունը։ Վերջինս հերյուրանք է համարում զանգվածային լրատվության միջոցներով տարածված որոշ հաղորդագրություններ, թե «Սասնա ծռեր» խմբի առանձին անդամների նկատմամբ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է բռնություն: Իրականում, հասարակական կարգը խախտելու և ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու համար, խմբի որոշ անդամներ դուրս են բերվել դատական նիստերի դահլիճից: Իսկ արդեն քրեակատարողական հիմնարկներում բռնության ենթարկվելու մասով էլ հայտարարությունում ասվում է, որ խմբի անդամները ոստիկանների նկատմամբ ցուցաբերել են ակտիվ անհնազանդություն, անձնապես վիրավորել վերջիններիս: Անհնազանդությունը  դադարեցնելու նպատակով հիշյալ ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ:

Թե իրականում ինչ է տեղի ունեցել, առայժմ ոչ ոք չի կարող ասել, քանի որ իրականացվում է քննություն: «Ռադիոլուրին» գլխավոր դատախազի խորհրդական  Գոռ Աբրահամյանը փոխանցեց, որ հունիսի 28-ին տեղի ունեցած դատական նիստից հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարի կողմից զեկուցագիր է ներկայացվել, որ դատական նիստերի դահլիճում ոստիկանները կանխել են ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի կողմից Սմբատ Բարսեղյանին արգելված առարկա փոխանցելու փորձը,  որից հետո Արեգ Կյուրեղյանը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ոտքի է կանգնել, փորձել է տեղից դուրս գալ, ինչին հաջորդել է Սմբատ Բարսեղյանի և Մխիթար Ավետիսյանի հակաիրավական վարքագիծը:  Դատախազությունն իր հայտարարության մեջ նշել նաև, որ վերջիններս, երբ  դուրս են բերվել դատական նիստերի դահլիճից ու տեղավորվել հատկացված խցերում, այդ ընթացքում նրանց կողմից ցույց տրված դիմադրությամբ պայմանավորված կիրառվել են հարկադրանքի միջոցներ: Լսենք գլխավոր Դատախազի խորհրդական  Գոռ Աբրահամյանին:

Հիշեցնենք, որ Սասնա Ծռեր դատը տեղի կունենա հուլիս 12 ին:

Back to top button