Համապետական երկրորդ շաբաթօրյակ՝ հուլիսի 29-ին


ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ապահովել հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Կարեն Կարապետյանը, անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին, նշել է, որ արդեն իրագործվել են մի շարք գործողություններ: «Այս պահին ֆիքսենք, որ 1480 աղբանոցների սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայնքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերություններին», – ասել է նա։
Կարեն Կարապետյանը գործողությունների շարունակականությունն ապահովելու նպատակով հանձնարարել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական ոլորտի կարգավորման և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթ, ինչպես նաև աղբավայրերի արտոնագրման չափանիշներ:
Վարչապետը նաև հանձնարարել է մինչև դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ՝ ներկայումս առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ և կառավարության աշխատակազմ ներկայացնել Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգերը: