Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի տեղակալին

Հունիսի 29-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային:

Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ 25 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, ընդլայնվել նոր ոլորտներով և համալրվել նոր բովանդակությամբ։ Նախարարը հավելել է, որ Տոկիոյում և Երևանում դեսպանատների հիմնումը նոր լիցք են հաղորդել համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոտոմե Տակիսավան ընդգծել է, որ Ճապոնիայի իշխանությունները բարձր են գնահատում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության արժեքները կիսող Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները և նպատակադրված են ընդլայնել դրանք:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Երկուստեք նշվել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունները, համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում կարևոր դեր են խաղում հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում:

Նախարար Նալբանդյանը և նախարարի տեղակալ Տակիսավան կարևորել են հայ-ճապոնական միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է արվել հայ-ճապոնական տնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաև տարերային աղետների կանխարգելման և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ակտիվացմանը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Ճապոնիայի ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Զրույցի ընթացքում կարևորվել են առևտրատնտեսական համագործակցության բնագավառում պայմանագրային դաշտի ամրապնդումը, անդրադարձ է կատարվել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությանը։

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ գոհունակություն հայտնելով այս հարցում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշման առնչությամբ:

Զրուցակիցները քննարկել են ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև միջազգային օրակարգի հրատապ այլ հարցեր:

Back to top button