Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երեւանում «Ռիբոկ» սպորտային ակումբի պաշտոնական բացման արարողությանը, այնուհետեւ այցելել «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի նորկառույց գրասենյակ: Երկրի ղեկավարը շրջայց է կատարել եւ ծանոթացել հաստատության ծրագրերին եւ աշխատանքների կազմակերպման մանրամասներին: «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ ստորագրվել է փոխգործակցության հուշագիր:
«Այ-Փի-Էս-Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ ստորագրված հուշագրով բանակից զորացրված երիտասարդների հետ սոցիոլոգիական ելքային հարցումների «Դիտակետ» խորագրով ծրագիր կիրականացվի:
«Հիմնական նպատակն է ուսումնասիրել զորացրված զինծառայողների հիմնախնդիրները՝ իրենց իսկ աչքերով՝ իրականացնելով դեմառդեմ հարցումներ անկախ փորձագետների կողմից, ինչով մենք կարող ենք ապահովել նաեւ անկեղծության մթնոլորտն ու իրական խնդիրների բարձրաձայնումը»:
Զորացրված զինծառայողների հետ հարցումները կանցկացվեն զորացրումից 3 ամսվա ընթացքում: Հուլիսի զորացրումից արդեն աշխատանքները կսկսվեն: Հարցումներն անցկացվելու են կամավորության սկզբունքով՝ պարտադրանք չի լինելու, ամբողջ տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը ապահովվելու է ՝ վստահեցնում են իրականացնողները: «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտն ընդհանրապես հետազոտական տվյալների հիման վրա խորհրդատվություն է տրամադրելու պետական կառավարման համակարգի օղակներին: Հաստատությունը ներկայանում է «Բրեվիս» անվամբ, որը լատիներեն է եւ նշանակում է «համարձակ միտք»:
Իրենց առաքելության մասին մանրամասներ փոխանցեց ընկերության հաղորդակցության տնօրեն Շուշան Հարությունյանը:
Ընկերությունն առաջիններից մեկն է տարածաշրջանում, որ սկսել է կիրառել հարցումներ էլեկտրոնային տարբերակով, իսկ տվյալները կպահպանվեն Հայաստանում, ընկերության սերվերներում՝ տեղեկացրեց ընկերության տնօրենը: