Արցախի Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղի անունը դեռ մեկ տարի առաջ ոչ բոլորին էր հայտնի: Լրագրողներն այս գյուղ ավելի հաճախ սկսեցին այցելել, երբ թալիշցի 37 ընտանիքներ ժամանակավոր բնակություն հաստատեցին այստեղ: Գյուղը նախկինում եղել է առողջարանային վայր, իսկ հիմա այն վերածվել է ժամանակավոր բնակավայրի: Գյուղ մտնելուն պես հանդիպում եմ խաղացող երեխաների: Հանկարծ նկատում եմ, որ նրանց ձեռքին սովորական խաղալիքներ չեն, նրանք իրենց գրեթե բոլոր խաղալիքները նմանեցրել են զենքի՝ փայտե ավտոմատներ ու ատրճանակներ էին սարքել։ Խաղացող երեխաները միայն տղաներ չէին: Մոտենում եմ, սկսում եմ զրուցել նրանց հետո: Երբ հարցնում եմ, թե ինչու են խաղում միայն զենքերով՝ բոլորը զարմացած նայում են, ուսերը վեր բարձրացնում: Զրույցում եմ 10- ամյա Ռուզանի հետ: Պատմում է, որ դպրոցի ամենալավ սովորողն է, բացարձակ գերազանցիկ։ Ասում է, որ մինչ ապրիլյան դեպքերը որոշել էր բժշկուհի դառնալ, բայց ապրիլից հետո կտրուկ փոխել է որոշումը: «Ուզում եմ դառնալ դիպուկահար»:
Հետո մեզ միանում են մնացած երեխաները ու մեկը մյուսին հերթ չտալով պատմում, թե որտեղ էին ապրիլի 2- ի գիշերը, ինչպես տանից դուրս եկան և ուր գնացին: Ալաշանում ապրող բոլոր երեխաների երազանքն է խաղալ մի երկրում, որտեղ կրակոցներ չեն հնչում։ Բայց մեկ է՝ ամենամեծ երազանքը՝ հայրենի Թալիշ վերադարձն է, քանի որ այնտեղ է իրենց տունը, դպրոցն ու հիշողությունները: Երկարամյա մանկավարժ Անահիտ Դանիելյանը ասում է՝ իրենց օրը սկսվում է Թալիշի մասին խոսելով։ Եթե գրականության դաս է, ապա այն նվիրված են միայն Թալիշին: Ալաշանում ապրող Տիկին Էլմիրան հիշում է, որ 90- ականներին երեխաներին գիրկը դուրս եկավ հայրենի գյուղից, բայց Մարտակերտի շրջանն ազատագրվելուց հետո՝ վերադարձան հայրենի օջախ, սկսեցին շենացնել այն: Հիմա էլ թոռների հետ է տանից դուրս եկել, բայց հույսով, որ Թալիշը մի օր վերականգնվելու է: Այն, որ այս բնակավայրը վերականգնվելու է, կասկած չկա։
Արցախի իշխանությունները վերականգնման մի շարք ծրագրերը են մշակել: Մարտակերտն ազատագրվել է 1993 թ-ի այս օրը՝ մեկ տարի 24-օր տեւած գերությունից հետո: Մարտակերտցիները հիշում են, որ քաղաքի ազատագրումից հետո ծաղկուն քաղաքից միայն հուշ էր մնացել:Այս տարիների ընթացքում Արցախի իշխանությունները վերականգման մեծ աշխատանք էին իրականացրել, սակայն ապրիլյան դեպքերը նոր ավերածությունների պատճառ դարձան, եւ ահա ապրիլից մեկ տարի անց Մարտակերտը կրկին վերականգնվում է:
Խորհրդային տարիներին Մարտակերտը տարանցիկ քաղաք էր, այստեղ էին հատվում մայրուղիները: Այն Արցախի ամենազարգացած շրջկենտրոններից էր: Եվ ահա այսօր էլ՝ հակառակորդի դեմ հանդիման Մարտակերտը կրկին վերականգնվում է՝ ցանկանալով դառնալ Արցախի ամենազարգացման շրջկենտրոններից մեկը։