Հասարակություն

Վարդենիսի հոսպիտալում գտնվող 4 զինծառայող դուրս է գրվել


Հունիսի 24-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների վիճակը, որոնք գնտվում են Մուրացանի զինվորական հոսպիտալում, կարգավորվում է։ ՀՀ պաշտպանության նախարարության բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է, որ  հնարավոր է,  ևս մեկ զինծառայողի վիրահատեն։ Իսկ Վարդենիսի հոսպիտալում գտնվող 4 զինծառայող այսօր դուրս է գրվել:

 

Հունիսի 24-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով  14 պայմանագրային զինծառայող  վիրավորվեց: ՊՆ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը։ Արդյունքում  պոկվել էր մեքենայի  թափքը, 14 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել էին  ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության։ Այս պահին զինծառայողներից Մուրացանի հոսպիտալում գտնվում է 8 զինծառայող, երկուսը՝ վերակենդանացման բաժանմունքում:

Արդեն նշեցինք, որ այս պահին Մուրացանի հոսպիտալում ութ զինծառայող է բուժում ստանում։ Չորս զինծառայող էլ Վարդենիսի հոսպիտալում էր։

Սա առաջին դեպքը չէ, որ զինծառայողներին  տեղափոխող մեքենաները  վթարի են ենթարկվում։ Նախորդ տարիներին անգամ  գրանցվել  են մահվան դեպքեր: Նման դեպքերին հասարակությունը շատ բուռն է արձագանքում, սկսվում են  տարաբնույթ  հարցերի քննարկումը. արդյոք անսարք են մեքենաները, արդյոք նախատեսված շատ մարդ  է եղել մեքենայում և այլն: ՊՆ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան, ըստ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, նախատեսված է  20 անձի համար։ Վթարի պահին մեքենայում  եղել է 16 հոգի:

«Ռադիոլուրի» դիտարկմանը, թե շատացել են նմանատիպ վթարները, Արծրուն Հովհաննիսյանը չի համաձայնում:

«Որ ստատիստիկայով են դա հաշվել: Եթե մենք շատ ենք լսում այդ լուրերը, դա դեռ ստատիստիկա չէ»:

Back to top button