Զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը մինչև տարեվերջ լուծված կլինելի. Վիգեն Սարգսյան


Կառավարության այսօրվա նիստին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի օգտագործման ուղղություն սահմանելու, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ նախագծի նպատակն է բարելավվել ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով զոհված, մահացած ու հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները:
«Խոսքը տեղադրված տեսախցիկների միջոցով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխումն է, որով մենք լուծում ենք զոհված ազատամարտիկների ու զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը, ինչպես նաև՝ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան և բարելավման կարիք ունեցող բնակարանային խնդիրը», — ասել է նա և նշել, որ յուրաքանչյուր տարի բյուջետային ծրագրով լուծում են այդ հարցը 500 միլիոն դրամի շրջանակում։
Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ հաջորդ տարի այս ծրագիրը կուղղվի 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրները լուծելու համար: