Արթիկի վթարային շենքի բնակիչների խնդիրը՝ կառավարության ուշադրության կենտրոնում


Երեկ ուշ երեկոյան Արթիկ քաղաքում տեղի ունեցած բնակելի շենքի քարաթափման հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է: Գործադիրի նիստի սկզբում Կարեն Կարապետյանն անդրադարձավ քարաթափման դեպքին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի տեղեկացմամբ, շենքը գտնվում է Արթիկի 8-րդ թաղամասում:
«Տեղի է ունեցել քարաթափություն, բնակիչները տարհանվել են, մարզպետը տեղում է եղել: Այժմ բնակիչներն ապրում են այլ տարածքներում: Խնդրում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությանն արագ ուսումնասիրություն կատարել իրավիճակի վերաբերյալ»,-ասաց նախարարը:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ տարհանումից հետո 11 ընտանիք վերադարձել է վթարված շենք, սա նախարարի խոսքով, ճիշտ չէ: Կարեն Կարապետյանն առաջարկեց կառավարության նիստից հետո հավաքվել իր մոտ ՝ խնդրին լուծում տալու համար: