ԿարևորՀասարակություն

«Հայ դիվերսանտ»-ը զինծառայող չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերում «հայ դիվերսանտ» ներկայացվող անձը զինծառայող չէ․ այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չի իրականացրել և որևէ դիվերսանտ կորուստ չունի: Իսկ այդ թատրոնը, որն Ադրբեջանի կողմից ներկայացվեց, առաջին անգամ չէ, որ իրականացվում է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ «ԱՊԱ» գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ հունիսի 20-ին հայ-ադրբեջանական շփման գծում Հայաստանի Զինված ուժերի դիվերսիոն մի խմբավորում փորձել է անցնել Ադրբեջանի ԶՈւ պաշտպանական գիծը, «սակայն ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայկական կողմը հետ է քաշվել՝ տալով կորուստներ, և հայկական կողմից կա գերի»:

Այնուհետև  Ադրբեջանի ՊՆ-ն հոդված և դրան կից տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է «հունիսի 20-ին ձերբակալված հայ դիվերսանտին», ով ներկայանում է որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան (ծնված 1974 թ.):

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, սակայն, Tert.am-ին հայտնել է, որ դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է:

Back to top button