«Պահապան զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ, Տավուշի սահմանամերձ 15 գյուղերում` դպրոց-մանկապարտեզների ներսում կառուցվելու են խաղասրահ-թաքստոցներ: Առաջինն արդեն կառուցված է Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Հաջորդը կլինի Բերքաբերը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է, որ կրակահերթերի ժամանակ երեխաները թաքնվելու ապահով տեղ կունենան: Թաքստոցները համապատասխանելու են անվտանգության չափորոշիչներին, կահավորվելու են որպես խաղասենյակներ: Գործելու են նաև կենսապահովման անհրաժեշտ պայմաններ` սանհանգույց, խոհանոց, օդափոխություն: Հիմնադրամը սկսել է համագործակցել արտակարգ իրավիճակների, պաշտպանության եւ սփյուռքի նախարարությունների հետ:
Խաղաղ մանկություն ունենալը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բոլոր երեխաների միակ ցանկությունն է:
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը մարզի առավել վտանգված գյուղերից մեկն է: Գյուղը Ադրբեջանի հետ սահմանից 1.5 կմ հեռավորության վրա է: Գյուղի վրա պարբերաբար ադրբեջանցիները կրակում են: 30 հազար բնակիչ ունի գյուղը: Մոտ 10 հազարը՝ երեխա:
Նրանք սովորել են ապրել կրակոցների ուղեկցությամբ ու երազել խաղաղության մասին:
Մինչ կիրականանան Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաների երազանքները՝ նրանց մանկությունն անվտանգ դարձնելու խնդիր է որոշակի չափով փորձել լուծել «Պահապան» հիմնադրամը: Հիմնադրամի աջակցությամբ Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզում վերանորոգվել ու կահավորվել է խաղաթաքստոց: Մանկապարտեզի երեխաներն արդեն սովորել են վտանգի պահին արագ հեռանալ եւ պատսպարվել խաղաթաքստոցում, որտեղ նրանք ապահով են ու հանգիստ: Այս մասին ասում է մանկապարտեզի տնօրեն Սվետլանա Մանուչարյանը:
Ներքին Կարմիրաղբյուրի խաղաթաքստոցն առաջինն է, որ կառուցվել է հիմնադրամի հիմնադիրների միջոցներով: Ապահով խաղաթաքստոցների կարիք կա Տավուշի մարզի գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերում, սակայն, հատկապես սահմանամերձ 15 գյուղի դպրոց-մանկապարտեզների ներսում է խաղասրահ-թաքստոցներ կառուցելու անհրաժեշտությունը մեծ՝ մեզ հետ զրույցում ասաց «Պահապան զարգացման հիմնադրամի» նախագահ Ինգա Հարությունյանը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանի փոխանցմամբ՝ խաղաթաքստոցները համապատասխանելու են անվտանգության չափորոշիչներին, կահավորվելու են որպես խաղասենյակներ: Գործելու են նաև կենսապահովման անհրաժեշտ պայմաններ` սանհանգույց, խոհանոց, օդափոխություն: Նա ասաց, որ երկրորդ խաղաթաքստոցի վայրը Բերքաբեր համայնքի դպրոցն է լինելու: Անհրաժեշտ գումարը հայթայթելու համար հիմնադրամին միացել է շուրջ 25 սրճարան: Հավաքված գումարն ուղղվում է թաքստոցների կառուցմանը կամ նորոգմանը և կահավորմանը:
Ինգա Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ 2016-ից գործող «Պահապան զարգացման հիմնադրամը» սկսել է համագործակցել ինչպես ԱԻՆ-ի, այնպես էլ ՊՆ-ի եւ Սփյուռքի նախարարության հետ: Տավուշի մարզի երեխաների համար խաղաթաքստոցների կառուցումից զատ, հիմնադրամն իրականացնում է նաև սոցիալ-տնտեսական, մշակութային ծրագրեր, որպեսզի տեղի բնակչությունն ունենա աշխատանք, երիտասարդները` հետաքրքրություն: