Քաղաքական

Ոչ թե պատերազմի գնացողի, այլ տեռորիստի գործելաոճ


Ղարաբաղյան հակամարտության այս փուլում Սահմանային իրավիճակի հերթական սրացմամբ Ադրբեջանը շարունակում է իր մարտավարությունը։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թևան Պողոսյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ մենք պետք է նոր մարտավարություն որդեգրենք, չվախենանք, որ մեզ կարող են ագրեսոր անվանել։ Նման փոփոխության անհրաժեշտություն տեսնում է նաեւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա ձեւակերպմամբ՝ այն, ինչ անում է Ադրբեջանը, դա տեռորսիտին բնորոշ գործողություն է, քան թե պատերազմի գնացողի:

 

Պետք է հասկանանք, թե ինչ քայլեր պիտի ձեռնարկենք, որ բխեն մեր շահերից՝ ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թևան Պողոսյանը: ըստ նրա՝ լավ կլինի, որ խաղաղության կարգավիճակի մեջ չընկնենք հոգեբանորեն ու չզարմանանք, թե ինչու է Ադրբեջանը նման քաղաքականություն վարում: Մենք պետք է կարողանանք օգտվել իրավիճակի փոփոխությունից՝ ասաց վերլուծաբանը: Ըստ Թևան Պողոսյանի՝ թե՛ սահմանին, թե՛ դիվանագիտության մեջ չպետք է  վախենալ նախահարձակ լինելուց, պետք է աշխատել հատկապես առաջնագծում բացերը շտկելու ուղղությամբ։

«Եթե զոհ ունենք, դիպուկահարը կրակել է, ուրեմն տեսել է թիրախը, այսինքն՝ բաց ունենք: Պետք է այնպիսի մարտավարություն ունենանք, որ Ադրբեջանը 0 հնարավորություն ունենա, կլինեն այլ մարտահրավերներ, կաշխատենք այդ ուղղությամբ»:

Ադրբեջանը կարողանում է նաև ցուցադրել իր ունեցածը,  ռազմական համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: Վրաստանում, Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում, մենք էլ պետք է Իրանի, մյուս հարևանների հետ հարաբերությունները խորացնենք՝ կարծիք հայտնեց Թևան Պողոսյանը:

Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ՝ զորավարժությունները, սահմանային լարվածություններ ստեղծելը Ադրբեջանի ընդհանուր տեռորիստական քաղաքականության շարունակությունն է: Նա փորձում է ստեղծել վախի մթնոլորտ՝ բանակցություններում իր պատկերացրած որոշման քայլերն ընդունել տալու համար.

 

Վերլուծաբան Թեւան Պողոսյանի խոսքով՝ միջազգային հարթակներում ևս մենք Ադրբեջանի նման ամեն հնարավորություն չենք օգտագործում, ամենակարևորը՝ Ադրբեջանին նկարագրելու համար միջազգային հանրության համար ընդունելի բառապաշար չունենք։

«Միջազգային ատյաններում, որտեղ Ադրբեջանն ունի ինչ-որ հնարավորություններ, նա դրանցից օգտվել է, ԵԽԽՎ-ում է եղել և օգտվել, ԵԱՀԿ գրասենյակը փակելու հնարավորություն է տեսել՝ արել է»:

Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ խաղաղության, անվտանգության բոլոր երաշխիքները, որոնք եղել են եւ թվում էր, թե պետք է գործեն, այսօր չեն գործում: Այս համատեքստում նա հիշատակեց նաեւ Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյության, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության եւ ԵՏՄ-ին անդամակցության մասին, որը նույնպես հիմնավորվում էր անվտանգության տեսանկյունից:

 

Հետեւաբար, ըստ Հովհաննես Իգիթյանի, պետք է վերանայվեն այդ երաշխիքները եւ պետք է փորձել նաեւ այլ երաշխիքներ գտնել: Նա կարծում է, որ ժամանակն է միջազգային տարբեր ատյաններում հարց բարձրացնելու եւ խոսելու նաեւ այս տարածաշրջանի անվտանգության խնդիրների մասին: Խոսքը միայն Ղարաբաղի սահմաններին չի վերաբերում: Հատկապես, երբ Ադրբեջանը ինքնուրույն չի գործում եւ ընդգրկում է այլ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան:

Back to top button