

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունում է կարևոր հարցերի շուրջ հանրային քննարկումները, բայց դրանց մասնակից դառնալ չի ցանկանում: Դեսպանն այսօր Մամուլի ազգային ակումբում հանդիպման ժամանակ ասել է, որ Հայասատանի իշխանություններին հանրային հայտարարությունների միջոցով պատասխան ուղերձներ չի հղի:
ԵՄ պատվիրակության ղեկավարի վերջին հայտարարությունը հնչել էր նախորդ շաբաթ, որում նա անդրադարձել էր ընտրություններին և տեսակետ հայտնել, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է դարձնել ավելի արժանահավատ ու վստահություն վայելող կառույց: Հայտարարությանն արձագանքել էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, թե դա երկրի ներքին խնդիրն է, և ԵՄ դեսպանը փորձում է միջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը: Սվիտալսկին հիշեցրել է, որ Եվարմիությունը խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար ավելի քան 7 միլիոն եվրո է տրամադրել:
« ֆինանսական կողմը մեր աջակցության ամենակարևոր մասը չէ: Մեր նպատակը Հայաստանում ընտրություններն ավելի լավը դարձնելն էր: Եվ մենք դա արեցինք ՀՀ իշխանությունների բաց խնդրանքի հիման վրա: Մենք երբեք չենք պարտադրել մեր կամքը և կարծում ենք, որ այն, ինչ արել ենք, դրական էր ու մեր աջակցության շնորհիվ էր, որ ընտրական գործընթացում բարելավումներ եղան: Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի: Ոչ մի բան ձեր կամքին հակառակ»:
Միաժամանակ Սվիտալսկին նշել է, որ քաղաքական որևէ խոչընդոտ չի տեսնում ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման ճանապարհին: նա վերահաստատել է, որ փաստաթուղթը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: Հմաձայնագիրը բովանդակային առումով պատրաստ է և այժմ իրավական ու տեխնիկական շտկումների փուլում է:




