Այսօր Փախստականների համաշխարհային օրն է


հրապարակված 11.42-ին
լրացված 16.45-ին
Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է: Սա այն օրն է, երբ աշխարհը կրկին խոսում է փախստականների մասին: Հայաստանը փոքր երկիր է, սակայն, բավականին շատ փախստականներ է ընդունել. 1990-ականներին՝ Ադրբեջանից, վերջին տարիներին՝ Սիրիայից:
1990-ականներին Հայաստանն Ադրբեջանից ընդունեց 650 հազար փախստականի: Այսօր՝ 25 տարի անց, նրանից երկու հազարը Հայաստանում դեռ փախստականի կարգավիճակ ունի: ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյան. «Եթե որևէ պետության մեջ ինտեգրացիոն մեխանիզմները լավ են գործում, դա նշանակում է, որ 25 տարի հետո մարդը չպետք է փախստական լինի: Սա մի շարք գործոններով է պայմանավորում՝ անցումային ժամանակաշրջան, բյուջեի ոչ բավարար վիճակ»:
Բացի այդ՝ իրենք՝ փախստականներն էլ ակնկալիքներ ունեն: Նվեր Սարգսյանի ներկայացմամբ, շատ հաճախ փախստականները պետությունից բնակարան են ակնկալում, եթե ունեն զորակոչային տարիքի որդի, ապա այս կերպ նրանք իրենց երեխային հեռու են պահում ծառայությունից: Խոսելով Հայաստանում ընդհանրապես փախստականների խնդիրների մասին՝ Նվեր Սարգսյանն առանձնացրեց բնակապահովման, աշխատանքի ու առողջապահական ծառայություններից օգտվելու հարցերը:
«Գիտեք, թե ինչպիսին են առողջապահական ծառայությունները մեր՝ ՀՀ քաղաքացիների համար, դրանից մի քիչ ավելի վատ է՝ փախստականների համար: Փախստականներն ավելի խոցելի վիճակում են, չունեն ընկերներ, բարեկամներ, ինչը Հայաստանի պես փոքր երկրում նշանակալի դեր է կատարում»:
Միայն 2016 թ ապրիլյան պատերազմից հետ Հայաստանը ԼՂՀ-ից մեծ թվով տեղահանվածների ընդունեց, նրանցից մոտ 2 հազարն աջակացության հարցերով դիմել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակ: Նվեր Սարգսյանի խոսքով, այս պահի դրությամբ մոտ 500 անձ է մնացել, մյուսները Արցախ են վերադարձել: Հայաստանում մնացածներից մի ընտանիքի հանդիպեցինք Լոռու մարզում: Նրանց ընտանիքն էլ տեղահանվել է 2016թ ապրիլի 2-ին: Զրուցակիցներս Խաչատրյան ընտանիքի անդամներն են:
Այս ընտանիքը դեռ Թալիշ չի պատրաստվում վերադառնալ: Լիանայի ծննդավայրը Լենավանն է։ Այժմ ադրբեջանցիների ձեռքին է: Չենք կարող մեր ծնողների սխալը նորից կրկնել, գուցե երեխաները մեծանան, իրենք իրենց գլխի տերը դառնան, իրենք գնան, բայց ես չեմ տանի՝ որոշել է Լիանան։
Հայաստանը վերջին տարիներին մոտ 22 հազար սիրիահայի է ընդունել: Նրանց մեծ մասը Սիրիան թողեց պատերազմից հետո: Այստեղ նրանք ունեն բնակարանի, աշխատանքի խնդիր: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող» Հ/Կ նախագահ Ջորջ Ավետիսյանը նշում է, որ իրենք ՀՀ քաղաքացիներ են, ծանր վիճակում են, սակայն փախստականներ չեն:
Ավետիսյանը նաև նշում է, որ դեռ հստակ տվյալներ չկան, թե սիրիահայերի քանի տոկոսն է վերադարձել Սիրիա: Սա փաստում է՝ մեկնում են հիմնականում տղամարդիկ՝ այնտեղ թողած ունեցվածքի հետքերով կամ էլ այնտեղ աշխատելու և գումարն այստեղ՝ ընտանիքին ուղարկելու նպատակով: