Պատերազմի չսպիացող վերքերը. հունիսի 20-ը փախստականների համաշխարհային օրն է
Հունիսի 20-ը փախստականների համաշխարհային օրն է: 2016թ աչքի ընկավ փախստականների թվի կտրուկ ավելացմամբ: Նրանք հիմնականում սիրիացիներ են: Այս երկրում բնակվող մեր հայրենակիցների մեծ մասը ապաստան գտավ հենց Հայաստանում: Պաշտոնական վիճակագրություն դեռ չկա, թե նրանց քանի տոկոսը վերադարձավ Հալեպ: Մի բան հստակ է՝ սիրիահայերի մեծ մասը դեռ չի պատրաստվում վերադառնալ, եթե մեկնում են, ապա՝ հիմնականում տղամարդիկ, որպեսզի պարզեն, թե ինչ վիճակում են իրենց տները: Իսկ աշխարհում յուրաքանչյուր երկրորդ տեղահանվածը, ըստ ՄԱԿ-ի տվյալների, երեխա է: Նրանց մեջ շատ են հատկապես սիրիացի փոքրիկները:
Սիրիացի երեխաների հիշողության մեջ այս երկրում քաղաքացիական պատերազմի սարսափները միշտ կմնան.
«Պատերազմ է, մարդիկ էին մահանում, տեսա որ իմ զարմիկը նույնպես նրանց մեջ է: Ես մարդկանց էի տեսնում կրակների մեջ: Լացում էի ու հորս էի փնտրում,: Ես կորցրեցի ծնողներիս, հարազատներիս՝ պատերազմի պատճառով: Հիմա մենակ եմ՝ եղբորս հետ: Նրանք կրակում էին Սիրիայի վրա: Արկը մեր կողքին պայթեց, ես երբեք չեմ մոռանան մեր տան կողքի ծառն ու թռչունների բույնը, որը բակում էր»:
Սիրիացի այս փոքրիկները դարձան մեծահասակների եւ աշխարհաքաղաքական բախումների զոհը: Այսօր աշխարհում յուրաքանչյուր տեղահանվածից երկրորդը երեխա է: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 2016թվականն աշխարհին ամենաշատն է փախստականներ տվել։ Տարեվերջի տվյալներով՝ աշխարհում ապրում է 65 մլն փախստական: Տվյալները ՄԱԿ-ինն են: Դրանք փոխանցում է Նաիրա Մարությանը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավական բաժնի պատասխանատուն:
«Ապաստան հայցողների աղբյուր երկրներն են Սիրիան։ Այստեղից 12 մլն տեղահանված սիրիացի կա, ապա՝ Աֆղանստանը, Սոմալին, Սուդանն ու Հարավային Սուդանը»:
Ամենաշատը փախստական ընդունել է Թուրքիան՝ 2,8 մլն փախստական, որից 2,7մլնը՝ սիրիացիներն են: Ի դեպ, սիրիացի փոքրիկները, ըստ միջազգային լրատվամիջոցների, այս երկրում ստրկության եմ մատնված: Փախստականներին ընդունել են նաև Պակիստանը, Լիբանանը, Իրաքն ու Իրանը:
Հայաստանն էլ է ընդունում տեղահանվածների, նրանց մեծ մասը, սակայն, մեր հայրենակիցներն են: Նրանց դժվար է փախստական կոչելը, նրանք իրենց հայրենիքում են: Այստեղ խնդիրներ իհարկե ունենում են, սակայն հանգիստ են՝ պատերազմից հեռու: Հռիփսիմե Սուքիասյանը Սիրիայից Հայաստան է եկել 2014թ : Առաջին տարին օտարություն զգում էին, այժմ՝ ոչ: Եկան, հասկացան, թե ինչով պետք է զբաղվեն, բիզնես դրեցին ու ձեռագործով են զբաղվում: Հալեպում բնակվելիս չէր էլ մտածում, որ մի օր բիզնեսով կզբաղվի, այն էլ հայրենիքում
Ծննդավայրը կարոտում է, սակայն վախենում է՝ պատերազմի հիշողությունները դեռ թարմ են:
Այս տարվա անցած ամիսներին ՀՀ- ում ապաստան ստանալու խնդրանքով Միգրացիոն պետական ծառայություն է դիմել 52 քաղաքացի: Նրանց մեծ մասն ինչպես նախկինում, այնպես էլ այս դեպքում մեր սիրիահայ հայրենակիցներն են, կան նաեւ Իրաքի, Ուկրանիայի քաղաքացիներ։ Թվային տվյալները փոխանցում է Միգրացիոն ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը: Նրա տեղեկացմամբ, ապաստան հայցողների թիվն աճում է տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված: Ի դեպ, Հայաստանում 75 ոչ հայ փախստական է ապրում: Նրանք արաբներ են, ռուսներ ու ուկրաինացիներ: