Քաղաքական

Մեկնարկում է «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը»

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Մեկ ժամից Ստեփանակերտում Արցախի խորհրդարանի դահլիճում աշխատանքներն է սկսելու «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը»:  Այն կազմակերպվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, մասնակցության հրավերն ընդունել են մի շարք հայաստանյան ու արցախյան քաղաքական ուժեր, սակայն Արցախի խորհրդարանական ուժերից երկուսը այն բոյկոտել են:

 

 

Երրորդ ֆորումի առանձնահատկություներից  Արմեն Աշոտյանը նախ եւ առաջ մասնակից կուսակցությունների թվի ավելացումը եւ նրանց ներկայացվածության մակարդակն է շեշտում:

Երրորդ ֆորումը տեղի է ունենում ՀՀ խորհրդարանակն ընտրություներից ու Արցախում սահմանդրական հանրաքվեից հետո: Սա ֆորումի նախաձեռնողները դրա առանձնահատկությունների շարքում են նշում:

Երրորդ կարեւոր հանգամանքը, որ Արմեն Աշոտյանն է նշում՝ արցախյան հակամարտությունն է. հենց դրա շուրջ անցած տարվա ֆորումի ժամանակ արցախյան երկու կուսակցությունների դիրքորոշումը պատճառ է հանդիսացել, որ «Շարժում 88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունները բոյկոտեն ֆորումը:

Արմեն Աշոտյանը քաղաքական քննարկումներից հրաժարվելը, ինչի համար հարթակ է ֆորումը, տարակուսելի է համարում:

«Շարժում 88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանի խոսքով՝ իրենք անցած տարվա ընթացքում իրենց բարձրացրած հարցի  արձագանքին են սպասել, ինչպես եւ պայմանվորվել էին, բայց այն այդպես էլ ֆորումի նախաձեռնողներից չստացան:

Արցախյան խորհրդարանական ուժերից երկուսի ֆորումին չմասնակցելը, ըստ Արմեն Աշոտյանի, դրա աշխատանքներին չի խանգարի:

Back to top button