Հասարակություն

Մթերման կետ, քաղաքի լուսավորություն, վերանորոգված ճաշարան՝ Տավուշի մարզում

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան դպրոցի աշակերտները այսուհետ կճաշեն վերանորոգած ճաշարանում, իսկ Կողբ գյուղի կենտրոնական չորս փողոցները  լուսավորված կլինեն: Նշենք, որ այս նախաձեռնությունները իրականացվում  են ՌԴ կառավարության ֆինասավորմամբ, իրականցնողն էլ ՄԱԿ զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակն է:

 

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի անտառային ու գյուղատնտեսական մթերքի հավաքման կետի կառուցմամբ կստեղծվի 40 սեզոնային աշխատատեղ  և կենտրոնն իր միջոցով տարեկան կվերամշակի  մոտ 12 տոննա գյուղմթերք: Առաջին մթերքն  արդեն կմթերվի  երկու ամսից:

Տավուշի մարզում մեր հաջորդ կանգառը սահմանամերձ Կողբ համայնքն էր։ Այստեղ շահագործման հանձնվեց  փողոցի լուսավորության նոր համակարգը։ Դրա արժեքը 38 հազար դոլար է։ Գյուղի կենտրոնական չորս փողոցներում տեղադրված լուսադիոդային լուսատուներն ապահովում են ոչ միայն ավելի լավ լուսավորվածություն, այլև էներգիայի համար կատարվող ծախսերը կնվազեն 70 տոկոսով։ Նշենք, որ  ծրագիրը 80 տոկոսով ֆինանսավորել է Ռուսաստանը, համայնքն էլ ապահովել է մնացած 20 տոկոսը։

Լուսինե Ղարաղանյանը մինչ այս տարվա մարտը գործազուրկ էր, սակայն տեղեկանալով ՄԱԶԾ-ի կողմից մարզի սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրեի մասին, մասնավորապես  ջերմատների կառուցման, դիմեց գյուղապետարան ու դարձավ շահառու: Առաջին բերքն արդեն ստացել է:

Նշենք, որ որպես այլընտրանքային եկամտի աղբյուր՝ Կողբ գյուղի տնային տնտեսություններն սկսել են բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնել նոր ջերմատներում: Բոլոր ջերմատները զինված են կաթիլային ոռոգման համակարգերով, որոնք ապահովում  են ջրի խնայողություն՝ միաժամանակ նպաստելով ջրային սուղ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Մինչև տարեվերջ ևս 20  ջերմատուն կկառուցվի։

Այսուհետ  Տավուշի Ներքին Ծաղկավան գյուղի աշակերտները հնարավորություն կունենան ամեն օր սնվել մաքուր և հարմարավետ ճաշարանում, որը վերանորոգվել է ՄԱԿ-ի զարգացնման ծրագրի եւ Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ։

Դպրոցում 87 աշակերտ է սովորում, ևս 15-ը՝ նախակրթարանում։ 2015 թվականին Ռուսաստանի կառավարությունն ավելի քան 5 միլիոն դրամ է տրամադրել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին Տավուշի մարզի 45 սահմանամերձ գյուղերի  զարգացման համար։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը նշեց, որ այս նախագծով է նշանավորվում նաեւ Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։

Back to top button