Հասարակություն

Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին գնացքը


Այսօր բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը: Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:

 

Առաջին գնացքը նվազագույն 5 վագոններով ուղևորվեց դեպի Վրաստան, սակայն, հաշվի առնելով ուղևորների ակտիվությունը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը վստահ է, որ պիկ սեզոնին վագոնների թիվը կհասնի 13-ի: Ուղևորների թվի աճը Գագիկ Մովսիսյանը պայմանավորում է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ գնային քաղաքականությամբ:

Գնացքն աշխատելու է ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 1-ը: Տոմսերի գները մեկ անձի համար տատանվում են 10 000 դրամից մինչև 26000 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից: Դե իսկ ինչպես նշում է  ուղևորափոխադրումների տնօրինության պետը, ֆիրմային գնացքի վագոնները հագեցած են օդափոխիչներով և համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Ուղևորների անվտանգությունն ապահովում են ոստիկանության աշխատակիցները:

Սեզոնի առաջին ուղևորների տրամադրությանը ծանոթանալու նպատակով՝ շրջեցինք վագոններում: Նաև հետաքրքիր էր, թե ինչու են նախընտրում գնացքը և ոչ թե այլ ուղևորափոխադրամիջոցները:

Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը 15 ժամ 40 րոպե է, իսկ հետադարձը մի քանի րոպե ավելի:

Back to top button