ԿարևորՏնտեսական

Գյուղացիական ապահովագրության ներդրումը կսկսվի հաջորդ տարվանից

Կառավարությունը շարունակում է աշխատել նույն ռեժիմով: Ինչպես ամեն շաբաթ, այս հինգշաբթի էլ  նիստ է անցկացրել: Օրակարգում ընդգրկված հարցերը բազմաթիվ էին:  Այսօր էլ  ավանդույթը չի խախտվել ու նիստն ազդարարվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Առաջինն ստացել են գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զագացման նախարարներն ու  Արմավիրի մարզպետը:

 

Ամեն տարի ցրտահարությունն ու կարկուտը մեծ վնաս են հասցնում գյուղացուն: Ամենառիսկային համարվող ոլորտում աշխատանքը շատ է, եկամուտը՝ քիչ, գյուղացին՝ դժգոհ։

Դժգոհություններն ավելանում են, երբ կարկտահարություն է  գրանցվում: Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ  դրամի վնաս: Թե որքան վնաս է կրում գյուղատնտեսությունն այս տարի՝  դեռ պարզ չէ։ Հստակ է միայն, որ երեք մարզերում՝ Արագածոտն, Տավուշ, Արմավիր, միայն մեկ ամսվա ընթացքում խոշոր  կարկտահարություններ են գրանցվել:  Վերջինը հունիսի 12- ին էր, Արմավիրում մոտ տասը գյուղ մասնակի կամ ամբողջությամբ կորցրեց բերքը: Այսօր խնդրին նաև վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ։ Ավելին, գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զագացման նախարարներին ու Արմավիրի մարզպետին հանձնարարեց եռօրյա ժամկետում ուսումնասիրել եւ ներկայացնել կարկուտի վնասների չափերը եւ ներկայացնել համապատասխան առաջարկներ։

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն արդեն կառավարության նիստից հետո փոխանցեց՝ իհարկե որոշակի աջակցության մեխանիզմներ կլինեն վարկերի սառեցման ու ոռոգման հարկերի զիջման տեսքով։ Սա սակայն խնդրի լուծում չէ՝ կարծում է  ոլորտի պատասխանատուն։

Ամեն կարկտահարությունից հետո ակտիվանում են ոլորտի ապահովագրության շուրջ խոսակցությունները մասին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Նա վստահ է՝ ոչ մի մասնավոր ընկերություն սկզբնական փուլում չի կարող   գյուղատնտեսության ողջ ռիսկն իր վրա վերցնել։ Հայկական շուկան փոքր է, ոչ մի ընկերություն այդ ռիսկն իր վրա չի վերցնի։ Այս պատճառաբանությունը Արտակ Մանուկյանի կարծիքով առասպել է։ Տնտեսագետը  գյուղատնտեսության ոլորտի ապահովագրման իր մոդելն է  առաջարկում՝ սուբսիդավորման համար ծախսվող  գումարներն ավելի արդյունավետ օգտագործել:  Պարզաբանում է՝  ռիսկերի բազմությունն ավելի շատ այստեղ է,  մենք հասկանում ենք, որ հատուցումն ինքն էլ ռիսկային է՝ ու՞մ եք տալիս, ինչքա՞ն եք տալիս:

Տնտեսագետը նաև իր առաջարկն է  ներկայացնում։ «Պետությունը փորձի ինքը փոխհատուցի. 25 տոկոսը վճարի գյուղացին, 75 տոկոսը՝  պետությունը: Բայց այն, որ խաղի կանոնը և մեխանիզմի  ներդրումը պետք  է լինի պետության կողմից, դրան զուգահեռ փորձի նաև ավելի բարելավել հնարավոր բնական աղետների մեղման քայլերը, ինչպես օրինակ՝ որակյալ սարքավորումների  տեղադրումը։ Կարծում  եմ՝ սա է այն ռազմավարությունը, որը մենք պետք է ակնկալենք»:

Գյուղատնտեսության նախարարությունը ցանկություն ունի, ավելին, քննարկումներ է  սկսել՝ պարզելու՝ ինչպես և ինչից սկսել  գյուղացիական ապահովագրության ինստիտուտի ներդրումը:   Հաջորդ տարի արդեն  պիլոտային ծրագիը  կսկսեն:  Գյուղատնտեսության նախարարը հույս ունի, որ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում խնդիրը կլուծվի:

Back to top button