Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացն սկսված է


Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացն սկսված է: Պիլոտային ծրագրի արդյունքներից ոգևորված՝ նախաձեռնողները կշարունակեն գործընթացը: Այս փուլն ավարտվելով՝ Հայաստանի վարչատարածքային բաժանումը կարելի է ավարտված համարել: Ռեֆորմի կողմնակիցները պնդում են՝ սա լավագույն լուծումն է փոքր գյուղերի զարգացման համար, խոշորացված համայնքներում, սակայն, հարցին միանշանակ չեն մոտենում:
2016-ի սեպտեմբերին խոշորացված համայնքներից է նաև Տեղը: Այն ներառում է Խնածախ, Խոզնավարի, Վաղատուր, Արավուս, Քարաշեն, Տեղի, Կորնիձոր նախկին համայնքները: Խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը պնդում է՝ իրեն անցած ամիսների ընթացքում հաջողվել է բազմաթիվ նախաձեռնություններ կյանքի կոչել: Համայնքի ընդհանուր բյուջեն կազմում է 150 մլն դրամ: Նաև վստահեցնում է՝ «7 բնակավայրից 5-ում արդեն կանոնավոր աղբահանություն է կազմակերպվում, 3 մանկապարտեզ է վերանորոգվել»: Շադունցը նաև կրճատումներից խոսեց. « Սա գրադարան է, որի դուռը երբևէ չի բացվել: Կրճատել եմ Մշակույթի տան ակումբավարի հաստիքը այն դեպքում, երբ Մշակույթի տուն գոյություն չուներ»:
Խոսելով ներդրումային ծրագրերից՝ խոշորացված համայնքի ղեկավարը նշեց, որ 21 մլն դրամ արժողությամբ ծրագիր են գրել:
Համայնքի ղեկավարը վստահեցնում է՝ ներդրումների արդյունքում Խնածախ գյուղը խմելու ջուր կունենա: 200 տարի է, որ այս գյուղում խմելու ջուր չկար՝ ասաց Շադունցը:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ընդգծում է՝ փոքր համայնքները ոչ թե պետք է վերացնել, այլ՝ փորձել լուծել խնդիրները: Յուրաքանչյուր համայնքը տնտեսական բջիջ է, յուրաքանչյուր գյուղի գյուղապետարանի, դպրոցի փակումը լավ բանի չի բերի՝ ասում է
Ինչպես զրուցակիցս, այնպես էլ այլ փորձագետներ վստահ են՝ համայնքների խոշորացումը արտագաղթի նոր ալիք է բերելու: Տարածքային կառավարման ու զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը հակադարձում է այս կարծիքներին:
Համայնքների խոշորացումը հատկապես ռիսկային է սահմանամերձ բնակավայրերում` ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Ներա այս կարծիքը նաև սահմանամերձ ու խոշորացված համայնքների ներկայացուցիչներն են հաստատում: Խոշորացման հաջորդ փուլը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 5-ին: Տարածքային կառավարման ու զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի խոսքով, ներկայիս գործող 325 համայնքի փոխարեն խոշորացումից հետո կստեղծվի 35 համայնք: 2019-ին բարեփոխումն ամբողջությամբ ավարտված կլինի: