Կուրսայիններն ու ռեֆերատները պետք է տեղափոխել էլեկտրոնային հարթակ. ԿԳ նախարար


ՀՀ տարբեր բուհերի մի խումբ դասախոսներ բաց նամակով դիմել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով կուրսայիններ և ռեֆերատներ գրելու վճարովի ծառայությունների վրա: Նամակի տակ ստորագրողները նախարարին հորդորում են խնդիրը տեղափոխել իրավական դաշտ և արգելել նման ծառայությունների գործունեությունը: Այսօր թեմային անդրադարձել է նաև ԿԳ նախարարը և նկատել, որ օրենսդրորեն նման ծառայությունների գործունեությունը հնարավոր չէ արգելել: Խնդրի լուծման համար այլ մեխանիզմներ են մշակվում: Բոլոր կուրսայիններն ու ռեֆերատները պետք է տեղափոխել էլեկտրոնային հարթակ՝ ասել է Լևոն Մկրտչյանը:
Երևան քաղաքն արդեն տևական ժամանակ է հեղեղված է բուհական գրավորների վաճառքով զբաղվող referat.am և նմանօրինակ այլ կայքերի գովազդային վահանակներով և հայտարարություններով: Բուհական միջավայրում ամեն օր այս կամ այն վճարովի ծառայության այցեքարտեր են բաժանվում և բավականին մեծ քանակությամբ:
Եվ ահա ՀՀ տարբեր բուհ-երի մի խումբ դասախոսներ բաց նամակով դիմել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, որում մասնավորապես ասված է. «Միանշանակ է, որ գրագողությունը, ինչպես նաև ակադեմիական անազնվության այլ ձևերը, կործանարար են թե՛ կրթական և թե՛ գիտական ոլորտի համար: Վաճառքի հանված գրավոր աշխատանքների գնորդները բարեհաջող ավարտում են բուհ-երը, գիտական աստիճաններ և կոչումներ ստանում՝ ի չիք դարձնելով բարեխիղճ դասախոսների աշխատանքը: Արդյունքում՝ վարկաբեկվում է մեր երկրի կրթական համակարգն ընդհանրապես: Եթե հնարավոր է գովազդել և իրականացնել ակադեմիական աշխատանքների առուծախը, ապա կրթական ասպարեզում ազնվություն ապահովելուն ուղղված մեր ջանքերը աչքակապություն են»:
Ի դեպ՝ նույն այդ դասախոսները արդեն առիթ ունեցել են նույն հարցով դիմելու նախարարությանը: Իրենց հարցմանը, թե արդյո՞ք նախարարությունը ունի որևէ դիրքորոշում այդ գովազդների վերաբերյալ, թեժ գծից տվել են բացասական պատասխան՝ նկատի ունենալով, որ գովազդը չի խախտում ՀՀ օրենքը: Այսինքն, ստացվում է, որ քաղաքում բացեիբաց գովազդվում են գրագողություն սատարող և դրա արդյունքները վաճառքի հանող կայքեր, իսկ կրթության և գիտության նախարարությունը ոչինչ չի անում՝ դրանց գործունեության, առավել ևս՝ գովազդի դեմ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Սիրանուշ Դվոյանը։ Նա բաց նամակի տակ ստորագրողներից մեկն է:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը ևս կարծում է՝ այլևս անհանդուրժելի է նման գրագողությունն ու ակադեմիական նման անազնվությունը:
Մինչ «Ռադիոլուրը» զրուցում էր բաց նամակի տակ ստորագրած դասախոսների հետ, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ կուրսայինների վճարովի ծառայությանն անդրադարձավ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Հաշվի առնելով, որ այս ոլորտը հնարավոր չէ վերահսկել, արգելելու դեպքում այդ ծառայությունները և դրանցից օգտվողները կգործեն ստվերում, նախարարը կարծում է, որ խնդրի լուծման համար բոլոր կուրսայիններն ու ռեֆերատները պետք է տեղափոխել էլեկտրոնային հարթակ:
Ի դեպ, մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել այն ուսանողին, որն օգտվում է կուրսայիններ գրելու վճարովի ծառայությունից։ Կամ ավելի ճիշտ՝ չգտնվեցին խոստովանողներ։