Քաղաքական

Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններով փորձում են լարված իրավիճակ ստեղծել


Քիչ հավանական է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը բխի Թուրքիայի շահերից՝ այսօր ասել  է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:  Նա անդրադարձել  է  նաև  Նախիջևանում այս օրերին ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին։

 

Թուրքիայի շահերից չի բխի, որ մեծամասշտաբ գործողություններ սկսվի  Հայաստան- Արցախ-Ադրբեջան, կամ Ադրբեջան-Արցախ ճակատում, քանի որ դա անվերահսկելի կդառնա, կներքաշվեն այլ պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը,- ասում է դաշնակցական Կիրո Մանոյանը:

Ինչ վերաբերում է Նախիջևանում ադրբեջանական զորավարժությունների անցկացմանը՝ ընդգծում է՝ դա նախևառաջ ուղղված է մեզ, որոշ չափով նաև Իրանին, որպեսզի ցույց տան, որ կարող են Նախիջևանից թիրախ դարձնել մեզ:

«Անհրաժեշտ է, որ մենք ունենանք ավելի հիմնավորված կեցվածք: Անհրաժեշտ է, որ մենք  բարձրաձայն քաղաքանություն ունենանք, որպեսզի մտահոգությունները բարձրաձայնվեն և ծավալվող իրադարձությունների ստվերի տակ չմնա Նախիջևանի հարցը»։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Նախիջևանում մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին ասում է, որ այս կողմից պատերազմի վտանգը շատ քիչ է։

«Թուրքիան այնքան ժամանակ չի սրի իրավիճակը, քանի դեռ Ռուսաստանի հետ մեր ռազմական հարաբերությունները շատ լավ են: Բացի այդ, քանի որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հիմա այդքան էլ վատ չեն, ես ենթադրում եմ, որ այժմ պատերազմի վտանգն ավելի քիչ է»,- ասաց նա։

Արման Նավասարդյանի խոսքով՝ ներկայիս զորավարժություններով Թուրքիան և Ադրբեջանը փորձում են անընդհատ լարված իրավիճակ ստեղծել։ Թուրքիան և Ադրբեջանը հունիսի 12-16-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանի տարածքում: Թուրք-ադրբեջանական զորավարժության առաջին փուլն անցկացվել էր մայիսի 1-5-ը՝ Բաքվում:

Նավասարդյանը մեկ դիտարկում է անում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ  Չավուշօղլու հայտարության հետ կապված՝ այն որ Հայաստանը Ռուսաստանի հետ բարձր մակարդակի ռազմական համագործակցություն ունի, հետևաբար Անկարան, ելնելով այդ իրողությունից, Նախիջևանում պետք է ռազմական բազա ստեղծի:  Եվ  հետաքրիքր այն որ, որ Չավուշօղլին հղում է անում Կարսի պայմանգրին: Մինչդեռ, դեսպանի խոսքով, իրականությունը միանգամայն հակառակն է, քանի որ Կարսի պայմանագրի 4-րդ և 5-րդ հոդվածերով Թուրքիան չի կարող Նախիջևանում ամրանալ, ռազմաբազա ունենալ:

ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանն էլ նշեց, որ Նախիջևանում տեղի ունեցող իրադարձությունները լրջագույն խնդիր են ներկայացնում Հայաստանի համար: Ըստ նրա՝ զորավարժությունները պատահական չեն:

«Նրանք ամեն կերպ փորձում են աշխատեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը լավ ստացվում է: Ես բազմիցս ասել եմ, որ մեր անգործության հետևանքով աշխարհը մեր հանդեպ 7 բանաձև ընդունեց, 4-ը՝ ՄԱԿ-ում, 3-ը՝ ՆԱՏՕ-ում: Աշխարհը չի իմանում մեր պահանջը, գաղափար չունի»:

Եղիազարյանի խոսքով` հիմա Հայաստանը երկու կողմից աքցանի մեջ է, քանի որ Թուրքիան Եվրոպայում ունի ամենահզոր բանակը, իսկ Արևմուտքը մի շարք պատճառներով մեզ չի օգնի եւ նրանք կաջակցեն Թուրքիային:

Back to top button