Նոր կառույց ԱԺ-ում. քննարկվում են «Անալիտիկ Խորհրդի» անելիքները


Այսօր Աժ-ում հավաքվել էին երկու տասնյակին հասնող տարբեր ուղղությունների եւ աշխարհահայացք ունեցող քաղաքագետներ, վերլուծաբաններ, որոնք առաջարկ են ստացել մասնակցել Աժ-ում ստեղծվող նոր կառույցի աշխատանքին: Օրենսդիր մարմինը զգացել է, որ կոմպետենտ մասնագետների կարիքն ունի եւ առաջարկում է «աշխատել միասին»: Ի դեպ՝ այնպես չէ, որ հրավիրվածների մեջ բացառապես իշխանամետ գործիչներ էին, ներկա էին նաեւ ընդդիմադիր հայացք ունեցողներն ու նախկին իշխանավորներ:
6-րդ գումարման Աժ-ում զգացել են, որ եղած ռեսուրսներով «խորհրդարանական դիվանագիտություն»-ը չեն կարող զարգացնել: Հասարակական եւ վերլուծական շրջանակներից հրավիրել են բոլոր նրանց, ովքեր կարող են օգտակար լինել այդ հարցում: Դեռեւս պարզ չէ, թե հրավիրվածներից ովքեր կհամաձայնեն աշխատել ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծվող. «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբում: Հրավիրվածների մեջ էր ԱԺ նախկին նախագահ, 4 տարի ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ղեկավարած Տիգրան Թորոսյանը: Նա անվերապահորեն համաձայն է աշխատել կառույցում: Հենց նրան «Ռադիոլուրն» ուղղեց հարցը, թե արդյո՞ք այս քայլերից հետո խորհրդարանական դիվանագիտությունը վերջապես պատասխանողից կվերածվի նախաձեռնողի:
«Մենք նման բանի կարիք ունենք, ընդհանրապես դիվանագիտության մեջ, մնացածը ինչպես կստացվի»:
Հենց այս հարցն է շատերին հուզում, թե ինչպես է ստացվելու: Վերլուծաբանների զգուշավորությունը գալիս է նրանից, որ գիտակցում են՝ խորհրդարանական դիվանագիտությունը արտաքին հարցերի ընդամենը մի մասն է, ընդհանուր քաղաքականությունը թելադրում է պետությունը: Գործնականում կարող է ստացվել այնպես, որ «Անալիտիկ խորհրդի» տեսլականն ու պետական որոշումները հակասեն եւ տրամագծորեն հակառակ լինեն: Բայց դա չի վախեցնում, օրինակ, նախկին իշխանության ներկայացուցիչներին: Նման խորհրդատվական մարմնի ստեղծումն անհրաժեշտ են համարում ՀՀՇ իշխանության շրջանի պաշտոնյաները՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն ու ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը:
Առաջարկին թերեւս խիստ քննադատական է մոտենում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Բացառապես էնտուզիազմի սկզբունքներով առաջարկվող աշխատանքին դեմ է նաեւ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը: Պնդում է, որ էնտուզիազմը պետք է վերածել հեղինակավոր ինստիտուտի: Էնտուզիազմով կայացված որոշումները լսելի կլինեն միայն կառույցի ծանրակշիռ ղեկավարի դեպքում՝ ասում է: Տվյալ պայմաններում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավարը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է, որեւէ գրավական չկա, որ այլ ղեկավարի պարագայում «Անալիտիկ խորհրդի» ձայնը լսելի կլինի: Այս հարցով Թեւան Պողոսյանի եւ Արմեն Աշոտյանի միջեւ բաց եւ ուղիղ երկխոսություն հնչեց:
Ի դեպ, խորհրդարանական դիվանագիտության բացերի մասին խոսել է նաեւ հանրապետության նախագահը ԱԺ անդրանիկ նիստին՝ կարեւորելով հատկապես դրա ապագա դերակատարությունը: Արմեն Աշոտյանն ամեն դեպքում պարզաբանում է՝ «Անալիտիկ խորհուրդը» ստեղծվում է 5 տարի ժամկետով՝ մինչեւ 6-րդ գումարման ԱԺ աշխատանքների ավարտը: Այնպես չէ, որ միանգամից հեղափոխություն են ակնկալում, բայց պատկերացնում են, որ նույնիսկ ոչ ավանդական քայլերի են պատրաստ դիմելու՝ հանուն հանրապետության շահերի:
Արեւելագետներ, իրանագետներ, Արեւմուտքի եւ Արեւելքի մասնագետներ ու աշխարհաքաղաքական զարգացումներում կողմնորոշվողներ՝ հայկական վերլուծական ահա այս դաշտից ովքեր համաձայնություն կտան աշխատել ԱԺ «Անալիտիկ խորհրդում» պարզ կդառնա առաջիկայում: Հուլիսին նախատեսված է խորհրդի առաջին աշխատանքային հանդիպումը։ Մինչ այդ կազմը պետք է հստակեցվի: Ինչ վերաբերում է աշխատանքներին, ապա շատ հաճախ նիստերը լուսաբանման ենթակա չեն լինելու: