ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը
ԱՄՆ Կոնգրեսում երկու տասնյակից ավելի օրենսդիրներ կոչ են արել գործընկերներին ավելացնել Հայաստանին 2018-ին հատկացվելիք ամերիկյան օգնությունը:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը նամակով դիմել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը՝ կոչ անելով ավելացնել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության չափը՝ հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Նախագահի կողմից առաջարկված 2018-ի բյուջեում նախատեսված է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության կրճատում 67 տոկոսով: Այդ կրճատումները համընկել են Հայաստանի պատմության վճռորոշ պահին, երբ այն ինտեգրվում է գլոբալ տնտեսության մեջ և զարգացնում երկրի ներսում ժողովրդավարությունն ու քաղաքական ազատությունները»,- ասված է նամակում:
Կոնգրեսականների կարծիքով՝ օգնության կրճատումը կսահմանափակի Միացյալ Նահանգների հնարավորությունները խթանելու Հայաստանում ամերիկյան չափանիշներն ու արժեքները: Հիշեցնենք, որ 2018 թվականի ԱՄՆ-ի բյուջեում կտրուկ նվազել է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին տրամադրվող ամերիկյան օգնության չափը: Այսպես, 57 տոկոսով նվազել է Վրաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը, 69 տոկոսով նվազել է ԱՄՆ-ի օգնությունը Ուկրաինային, իսկ Բելառուսին 2018-ին առաջարկվում է ընդհանրապես օգնություն չտրամադրել: Լուրջ նվազելու է նաև Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունը:
Կոնգրեսականները կոչ են անում գործընկերներին վերախմբագրել Հայաստանի օգնության մասով Սպիտակ տան բյուջեի նախագիծը՝ ապահովելով Հայաստանին տրամադրվելիք օգնությունը նախորդ տարիների մակարդակի վրա: Այդ կոչին են միացել նաև Միացյալ Նահանգների հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները:
«Հսկայական գլոբալ անվստահության պայմաններում Միացյալ Նահանգները պետք է շարունակի խթանել դաշնակիցների առաջընթացը և պետք է հետ չկանգնի իր պարտավորություններից որպես աշխարհի առաջատար ժողովրդավարություն», – նշված է կոնգրեսականների նամակում: Հայաստանին ամերիկյան օգնության չափն ավանդաբար ավելանում է Կոնգրեսի ընդունած բյուջեի նախագծերում:
Հատկանշական է, որ նախագահ Թրամփի վարչակազմի ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագծում ընդգծվում է, որ արտաքին օգնության կրճատման հետ միասին անհրաժեշտ է նաև ավելացնել յուրաքանչյուր տրամադրվող դոլարի արդյունավետությունը, որպեսզի այն երկրների քաղաքացիները, որոնց հատկացնում են այդ օգնությունը, զգան դրա դրական ազդեցությունը: