Արտագաղթի նոր ալիք٫ թե արդյունավետ կառավարում


Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվել է եւ քվեարկության դրվել միանգամից երկու աղմկահարույց նախագիծ: Մեկը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագիրն» է: 57 կողմ, 22 դեմ քվեարկությամբ այն ընդունվեց: Երկրորդ նախագիծը վերաբերում է համայնքների խոշորացմանը: Հարցը, ի դեպ, դեռ երեկվանից հանրապետության տարբեր համայնքներում դժգոհություն եւ բողոքի ալիք է բարձրացրել:
Մինչ խորհրդարանում քննարկվում է համայնքների խոշորացման ծրագիրը, որով կառավարությունը նախատեսվում է 328 համայնք միավորել 34- ի մեջ, ՀՀ տարբեր մարզերի բնակիչները շարունակում են դժգոհել՝ հիմնավորելով, թե ծրագրի իրականացումը կբերի արտագաղթի նոր ալիքի եւ առօրյա կյանքում նոր դժվարություններ կառաջացնի:
Երեկ Գեղարքունիքի մարզի 15 համայնքի բնակիչները որոշ ժամանակով փակել էին ճանապարհները, այսօր նույն մարզի Սոթքի գյուղապետերանի մոտ կրկին բողոքի ցույց էր՝ մի քանի համայնքի բնակիչների մասնակցությամբ: Դժգոհությունների հիմնավորումները տարբեր են՝ մեկ փաստաթղթի համար տասնյակ կիլոմետրեր պետք է անցնել, հեռավորության վրա գյուղապետը չի կարողանա հասկանալ իրական խնդիրները, համայնքի ղեկավարը մշտապես կընտրվի ամենախոշոր համայնքից՝ փոքր համայնքներին մատնելով անուշադրության: Ցուցարարները միայն բողոքելով եւ ճանապարհներ փակելով չեն սահմանափակվում: Պատգամավորները՝ հատկապես ընդդիմադիրները, վստահեցնում են, որ մի քանի օր է, ինչ անընդհատ զանգեր են ստանում տարբեր գյուղերից: Եվ ահա հենց այս պահին «Ելք» խմբակցության անդամները որոշեցին արժանի հակահարված տալ:
Կառավարության անունից հարցը խորհրդարանում ներկայացնող տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ԱԺ գալուց առաջ էլ, իհարկե, տեղյակ էր, թե հարցի հետ կապված ինչ զարգացումներ են տեղի ունենում հանրապետությունում թե երեկ, թե այսօր:
Եթե Վաչե Տերտերյանը չի հասկանում, թե ներկայացված հարցն ինչ կապ ունի արտագաղթի հետ, ապա որոշակի կապ այս հարցերի միջեւ տեսնում է «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
Ամեն դեպքում՝ խնդրի առնչությամբ առկա պատկերը հետեւյալն է: Համայնքների խոշորացումը մշտապես եղել է իշխանությունների քաղաքական օրակարգում։ Համենայնդեպս՝ 2008-ից մշտապես խոսվել է դրա մասին: Գործնական քայլերի կառավարությունը գնաց երկու տարի առաջ։ Աստիճանաբար խոշորացումներով այսօր ունենք 18 խոշորացված համայնք, որտեղ միավորվել է 140- ը: Խոշորացման ընդհանուր արդյունքների գնահատականը կարող ենք տալ 2018-ից հետո՝ ասում է Վաչե Տերտերյանը:
Սա, ըստ էության, արդեն ՀՀ Սահմանադրության խախտում է, պնդում են ընդդիմախոսները՝ արդեն պաշտպանելով գործող համայնքների ղեկավարներին, ովքեր արդեն կայացած ընտրություններով ընտրվել են պաշտոնավարման կոնկրետ ժամկետով: Համայնքների խոշորացման հարցը, ամեն դեպքում, այսօր քննարկվեց ու նաեւ դրվեց քվեարկության: Մինչ այդ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ակնարկեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում դեռ ժամանակ կա եւ նախագծում կարելի է փոփոխություններ իրականացնել: Հարկ եղած դեպքում կաշխատենք մինչեւ առավոտ՝ ասաց: «Ելքը» որոշեց բոյկոտել եւ չմասնակցել քվեարկությանը, «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր՝ արդյունքում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 57 կողմ 23 դեմ քվեարկությամբ: Վաղն արդեն այն կներկայացվի երկրորդ ընթերցմամբ: