Հասարակություն

Քամու հասցրած վնասները


Երեկ երեկոյան ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել հիմնականում Արմավիրի մարզի գյուղատնտեսությանն ու շենք-շինություններին: Մասնավորապես՝ վնասվել են ջերմոցային տնտեսությունները, որոնց բերքն արդեն մեկ ամիս վաճառվում է գյուղատնտեսական շուկայում: Հիմնականում պատռվել են  ջերմոցների պոլիէթիլենային թաղանթները և վնասվել բույսերը: Երեկ արձանագրված ուժեղ քամին մայրաքաղաքում անգամ մահվան պատճառ է դարձել։

 

Երեկ երեկոյան արձանագրված ուժեղ քամին իրականում լուրջ ավերածությունների պատճառ է դարձել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Արդեն իսկ երեկոյան ժամը 17-ի սահմաններում ահազանգեր են ստացվել ոչ միայն Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, այլև  Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում և շրջակա գյուղերում շրջված տանիքների, ալեհավաքների, կոնստրուկցիաների, ծառերի, վնասված ջերմոցների և էլ. լարերի մասին:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության  վարչության պետ Արթուր Այվազյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ հիմնականում վնասվել են համայնքների ջերմոցային տնտեսությունները:

Արմավիրի մարզի Արտիմետ համայնքը, օրինակ, ուժեղ քամու հետևանքով ամբողջովին հոսանքազրկվել է: Սակայն ամենամեծ վնասը կրել են ջերմոցային տնտեսությունները՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց գյուղապետ Վարդան Միրզախանյանը:

Վնասի չափը մեծ է նաև Արմավիրի մարզի Խորոնք և հարակից գյուղերում: Խորոնք համայնքի ղեկավար Սարգիս Նահապետյանը նշեց, որ գյուղում շուրջ 66-70 հա-ի վրա դրված են ջերմատներ, որտեղ մշակվում են  լոլիկ, վարունգ, պղպեղ և այլ բանջարեղեն: Վնասի չափը ճշտելու համար կազմվել է մասնագիտական հանձնաժողով, որը կներկայացվի մարզպետարան և կառավարություն:

Քամուց տուժել է նաև հոգևոր մայրաքաղաքի շենք-շինությունները, վնասվել են բազմաբնակարան շենքերի և առանձնատների տանիքները, էլեկտրասյուներն ու գազի խողովակները: Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ քաղաքապետարանի մասնագիտական հանձնաժողովը  տեղում ճշտում է վնասի չափը, տեսանկարահանում և  լուսանկարում քամու հասցրած վնասը:

Ի դեպ՝ առաջին անգամ չէ, որ նման քամիներ են գրանցում Հայաստանի տարածքում: Վերջին անգամ նման քամի և ավերածություններ են գրանցվել անցյալ տարվա մայիսի 23-ին՝ հայտնեց  ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Երեկ արձանագրված ուժեղ քամին մայրաքաղաքում անգամ մահվան պատճառ է դարձել։ Աէրացիա 12/1 հասցեում՝ այսպես կոչված «Գարդոնի» գործարանի մոտ տանիքից փոթորիկը պոկել եւ մեծ թվով մետաղյա թիթեղներ է շպրտել քաղաքացու վրա։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց  տեղափոխելու ճանապարհին նա մահացել է:

Back to top button