
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ստամբուլի հայաբնակ Սամաթիա թաղամասում իրավիճակը մտահոգիչ է, ասում է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Վախի զգացումն այստեղ մեծացել է: Միաժամանակ՝ կա ճնշող մթնոլորտ, ասում է դաշնակցական գործիչը և ավելացնում, որ հայերը հաճախ են կրկնում, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է բռնությունները կանխելու համար, սակայն իրականում ոչ մի արդյունքի չեն հասել։
Վերջին միջադեպերը, ըստ Մանոյանի, Թուրքիայում առկա հայատյացության մթնոլորտի դրսևորումներ են: Ավելին՝ սա երիտթուրքերի ժամանակներից եկող գաղափարախոսությունն է: Նա նշեց, որ Թուրքիայում իշխող կուսակցությունից այսօր ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա այս հակահայ քայլերին հրապարակային չի անդրադարձել։
Չնայած այս ամենին Թուրքիայում կան որոշ շրջանակներ, որոնք ընդունում են, որ խնդրի հիմքում հայատյացությունն է: Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղն այս հարցի վերաբերյալ հրապարակել է հատուկ զեկույց, որտեղ շեշտել է, որ անհրաժեշտ է հարցի հետաքննությունը կատարել հրապարակայնորեն, ինչը տեղի չի ունենում, և ավելացրել, որ Թուրքիայում չկա ցեղապաշտության դեմ պայքարի օրենք։
Այս բոլորը ոմանք կապում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելից նախօրեին թուրքական իշխանությունների կողմից վարվող քաղաքականության արդյունքում ստեղծված եւ օրեցօր ավելի մեծացող հակահայ մթնոլորտի հետ և ապացուցում, որ ինչքան մոտենանք այդ տարելիցին, նման դեպքերի թիվն ավելի կմեծանա:
Պետք չէ հաշտվել իրավիճակի հետ, հորդորում է Կիրո Մանոյանը, պետք է հնարավորինս բարձրաձայնել տիրող վիճակի մասին: Այս միջադեպերը, Մանոյանի խոսքով, թուրքական իշխանության վարած քաղաքականության հետևանք են, և նրանք են պատասխանատու: ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուի ձևակերպմամբ՝ առաջիկա տարիներին բռնության նման դրսևորումները շատ ավելի մեծ թափ կառնեն:




