«Սասնա ծռեր»-ի առաջին դատական նիստը՝ հունիսի 8-ին
Գրեթե մեկ տարի առաջ Երեւանում ծավալված իրադարձությունները գրեթե պարալիզացրել էին մայրաքաղաքի կյանքը՝ բոլորի ուշադրությունն ուղղված էր դեպի ՊՊԾ գունդ, որը գրավել էին «Սասնա ծռեր» խմբի անդամները: Հունիսի 8-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու խմբից 14 մեղադրյալների անջատված գործի առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է «Սասնա ծռերի» գործով Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարությունը: Կայացել է մեկ դատական նիստ: Քրեական գործով մյուս մեղադրյալների եւ կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:
Գրեթե մեկ տարի առաջ մենք՝ լրագրողներս, բանախոսի որեւէ պակաս չունեինք: Քաղաքացիներից մինչեւ վերլուծաբաններ, ցանկանում էին արտահայտվել եւ վերլուծել, թե ինչին էր ուղղված «Սասնա ծռեր» խմբի քայլը, ինչ արդյունք եւ հետեւանք կարող է ունենալ հասարակական եւ քաղաքական կյանքում:
Այսօր, սակայն, շատերը խուսափում են այս թեմայից: Անգամ փողոցներում հարցումը ցույց է տալիս, որ քաղաքացիների քաղաքական հիշողությունը, կարելի է ասել, շատ կարճ է: Անցյալ տարվա ամենահիշվող իրադարձությունը առանձնացնելիս՝ մեր համաքաղաքացիները չեն հիշում հուլիսյան դեպքերը:
Միայն ուղղորդող հարցն է քաղաքացիներին բերում դիտարկվող խնդրի դաշտ եւ հիշեցնում ընդամենը մեկ տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունները, երբ հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի զինյալ անդամները գրավեցին Էրեբունու շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկա-պահակային պահպանության գունդը, իսկ հուլիսի 31-ին հանձնվեցին իրավապահներին:
Մասնագիտական շրջանակը՝ քաղաքագետները, իրավապաշտպանները, քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները եւ անգամ հոգեբաններն այսօր հրաժարվում են մտնել դիտարկվող դաշտ: Ամենապարզ հիմնավորումը՝ դատական նիստի մեկնարկն է:
Վերլուծաբանների մի հատվածն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում իրենց խուսանավելը թեմայից պատճառաբանում են նրանով, որ որեւէ նոր ասելիք չկա: Դատողություններում վախենում են սխալված լինել, քանի որ՝ եթե մի կողմը պնդում է, որ կառավարման համակարգում որոշակի փոփոխությունները սկսեցին հենց այս զինված գործողություններից հետո, ապա իշխանական կողմից պնդում են, որ արված փոփոխություններն ընթացել են բնականոն հունով՝ նախապես պլանավորվածի համաձայն:
Հասարակական եւ քաղաքացիական կյանքում թողած հետքի մասին անգամ հրաժարվում են խոսել հոգեբանները, գիտակցում են՝ այս հարցում հասարակությունը բաժանվել է երկու մասի, հետեւաբար՝ անկախ վերլուծությունից իրենց կարող են քարկոծել։ Այսպիսով՝ մեզ մնում է այս հարցում հետեւել միայն փաստերին: Իսկ դրանք հետեւյալն են:
ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այս քրեական գործով առաջին դատական նիստի օրն արդեն նշանակված է՝ հունիսի 8-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Այս դատավորի մասին տեղեկությունները հետեւյալն են՝ Նա Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր է շուրջ 14 տարի:
Վերջին տարիների ընթացքում նրա կողմից կայացվել է արդարացման մեկ դատավճիռ՝ փաստաթղթեր կեղծելու գործով։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից հեշտությամբ կարելի է պարզել, որ այս դատավորի կինը՝ Լիլիթ Գաբրիելյանը, տարիներ շարունակ կլորիկ գումարներ է նվեր ստանում:
Օրինակ՝ 2011 թվականին «նվերի» չափը 15 հազար դոլար էր, 2012 թվականին՝ 2 000 դոլար, 2014 թվականին էլ՝ 10 հազար դոլար էր նվեր ստացել: 2015-16 թվականներին այլեւս գումարային նվերների մասին հայտարարագրում նշված չէ: Անցյալ տարվա համար դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարագրել է 10 միլիոն դրամ եւ 55 հազար դոլար:
Ինչ վերաբերում է մեղադրվողներին, ապա
Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկում:
Պավել Մանուկյանը մեղադրվում է 6 հոդվածով՝ առավելագույն պատիժը կրկին 15 տարվա ազատազրկում:
Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվող քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ նույնպես առավելագույնը 15 տարվա ազատազրկման ժամկետով:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման ընթացքում երեք ոստիկան զոհվեց։
Նախաքննական մարմինը սպանությանների մեջ մեղադրում է Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին։